Ռուդենկոն Բաքվի և Երևանի փորձագետների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Ադրբեջանի և Հայաստանի փորձագետների հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, այդ թվում` խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտին։

Նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի փորձագետների հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 15-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի և Միջազգային հարցերով ռուսական խորհրդի աջակցությամբ:

Բաքվի ու Երևանի կողմից որպես համակարգողներ են հանդես եկել Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը և «Օրբելի» վերլուծական կենտրոնը:

Ըստ հաղորդագրության` հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման/սահմանագծման խնդիրները, խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև հումանիտար հարցերն ու կողմերի միջև վստահության ամրապնդման հնարավոր միջոցները: