Արմեն Գրիգորյանը դատարանի դահլիճում էր հայտնվել ճշմարտության և իր ռուսամետ դիրքորոշման համար․ Մարգարիտա Սիմոնյան

Sputnik-ի և RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանի մահը` նրան անվանելով հանրային կարծիքի ամենառուսամետ առաջնորդը Հայաստանում։

«Նա այցելում էր մեր տուն, ուրախանում, որ մեր երեխաները հայերեն են խոսում․․․ Այսօր նա մահացել է դատարանի դահլիճում, որտեղ հայտնվել էր ճշմարտության և իր ռուսամետ դիրքորոշման համար։ Մեր ընկերոջը ձերբակալել էին «Հայաստանի ժողովրդին վիրավորելու» մեղադրանքով։ Իրականում քիչ բան կա հայ ժողովրդի համար ավելի վիրավորական, քան այս ձերբակալությունն ու մահը»,- գրել է նա Telegram–յան ալիքում։

Սիմոնյանի խոսքով` Գրիգորյանը չէր վախենում խոսել Ռուսաստանի հետ բարեկամության մասին։ Նա իր գրառմանն է կցել 2020 թվականի նոյեմբերի տեսանյութը, որում Գրիգորյանը ելույթ է ունենում ռուսերեն լեզվով:

Հիշեցնենք` հասարակական գործիչ և կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատական նիստի ժամանակ։ Ներկաները փորձել են առաջին օգնություն ցուցաբերել, սակայն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադն արձանագրել է նրա մահը։