Այս ամենը կարծես արվում է ադրբեջանաթուրքական ուժերին հաճոյանալու համար. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Մուրադ Փափազյանի՝ ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարվելուն:

«Չկա ողջամտություն

Տակավին թարմ է հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման բողոքի ցույցի մասնակիցներին ուղղված Թուրքիայի ԱԳՆ նախարար Մևլութ Չավուշօղլիի արհամարհական քմծիծաղի, «Գորշ գայլեր» միջազգային ահաբեկչական խմբավորման պայմանանշանով ողջույնի արձագանքը:

25.04.2022 թվագրությամբ հոդվածում մենք տեղեկացրել էինք, որ աշխարհի շատ երկրներում արգելված է ահաբեկչական այս կազմակերպության ոչ միայն գործունեությունը, այլև գոյությունը վկայող տարրերի հիշատակումը ու հավելել, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով մեզանում արգելված է նման կարգավիճակում գտնվող կազմակերպությունների հետ հնարավոր կապ ունեցող անձանց մուտքը երկիր, առաջարկել էինք արգելել Չավուշօղլիի մուտքը Հայաստան`միաժամանակ գիտակցելով, որ երկրում վարվող քաղաքականության պայմաններում իշխանությունները չեն գնալու այդ քայլին:

Փոխարենը մեր իշխանություններն վայրկյան իսկ չհապաղեցին անհիմն, առանց պատճառի կասեցնելու Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի (Franck Papazian) մուտքը Հայաստան: Մուրադ Փափազյանն այն անձն է, ով տասնամյակներ շարունակ միջազգային ատյաններում գործունեություն է ծավալել հօգուտ Հայաստանի ու Արցախի, նրա ուշադրության կենտրոնում են 44-օրյա պատերազմի ընթացքն ու դրան հաջորդած զարգացումները:

Երկրում մթնոլորտը կարգավորելու փոխարեն իշխանությունները նման քայլերով ավելի են խորացնում իշխանություն-հասարակություն-Սփյուռք անջրպետը: Որքան էլ չուզենաս, ակամայից հանգում ես այն հետևությանը, որ այս ամենը կարծես արվում է ադրբեջանաթուրքական ուժերին հաճոյանալու համար:

Պետք է վճռականապես բացառել նման երևույթերը: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ այսպես շարունակելու դեպքում երևի արցախյան ազատամարտին մասնակցելու պատճառով հետախուզման մեջ գտնվողներին էլ կփորձեն հանձնել ադրբեջանցիներին:

Սա մեր բոլորի հայրենիքն է, և յուրաքանչյուրս ունենք հավասար իրավունքներ»,- նշված է հայտարարության մեջ: