Բանկային գաղտնիքին առնչվող օրենքների նախագծերի փաթեթը հանվել է հանրային քննարկումից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հանվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից (e-draft.am): ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ փաթեթը հանրային քննարկման էր ներկայացվել կարծիքների և արձագանքների հավաքագրման նպատակով։

«Ինչպես Կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, «Բանկային գաղտնիքի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի հետագա ընթացքն ապահովվելու է ՀՀ Կենտրոնական բանկի և այլ շահագրգիռ մարմինների հետ համապարփակ քննարկումների արդյունքներով։

Կոմիտեն վերահաստատում է այդ մոտեցումը և քննարկումներից հետո բանկային գաղտնիքի հասանելիության հետ կապված նախագծերի վերջնական փաթեթը վերստին կներկայացվի հանրային քննարկման»,- հայտնում են ՊԵԿ-ից։