Գերմանացի մասնագետները դասախոսություններ են կարդացել Ռազմական համալսարանում

ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հուլիսի 6-ին և 7-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության պաշտպանության դաշնային նախարարության «Առաջնորդների զարգացման և քաղաքացիական կրթության կենտրոնի» մասնագետներն անցկացրել են դասախոսություններ, որոնք բխում են ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության միջև երկկողմ ռազմական համագործակցության ծրագրից։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, Բունդեսվերի ներքին առաջնորդության հայեցակարգի շրջանակում ՊՆ ռազմական ոստիկանության,  ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի, ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի, ռազմական ուսումնական հաստատությունների, և ԶՈՒ հոգևոր առաջնորդության ներկայացուցիչների հետ անցկացված դասախոսության ընթացքում կենտրոնի դասախոսները ներկայացրել են ԳԴՀ զինվորական կանոնադրությունները, զինծառայողների իրավունքների և պարտականությունները, ընտանիքի և զինվորական ծառայության համատեղության խնդիրները, զինվորական վարքականոնը, ինչպես նաև պատասխանել ունկնդիրներին հուզող հարցերին։