Վարդավառի տոնը Կողբ գյուղում՝ Արամ MP3-ի, Nemra-ի, Ethno Colors-ի և Hayat Project-ի մասնակցությամբ

Հուլիսի 16-17-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում նախատեսվում է Վարդավառի տոնին նվիրված կրթական, մշակութային և ժամանցային միջոցառումների իսկական հրավառություն։

Տոնակատարության 2 օրվա ընթացքում ելույթներով հանդես կգան այնպիսի սիրված արտիստներ ու խմբեր, ինչպիսիք են Արամ MP3-ն, Nemra-ն, Ethno Colors-ն ու Hayat Projects-ը, իսկ Color Festival-ի շրջանակում՝ DJ Drred-ն ու DJ Mill-ը։

Տոնակատարությունը կազմակերպում է «Կողբ» հիմնադրամը։

Հիմնադրամից հայտնում են, որ այդ օրերին տարածաշրջանը կվերափոխվի կրթամշակութային կենտրոնի՝ ներգրավելով ոչ միայն տարածաշրջանի բնակչությանը, այլ նաև բազմաթիվ հյուրերի՝ ամբողջ Հայաստանից ու արտերկրից։

Միջոցառման մասնակիցները հնարավորություն կունենան վայելել Վարդավառի տոնը՝ դառնալով տոնական երթի, ազգային երգ ու պարի, ավանդական խաղերի, ջրոցու և Color Festival-ի մասնակից, ինչպես նաև լսել անցյալից մեզ ուղղված պատգամներն ու ուղերձը՝ ապագայից։

«Մեր նպատակը տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մայրաքաղաքի և մարզերի միջև մշակութային փոխանակությանը աջակցելն է։ Ուրախ ենք, որ Կողբ*Վարդավառին միացել են նման սիրված արտիստներ ու խմբեր, որոնցից յուրաքանչյուրի ելույթը իսկական տոն է, հատկապես, մշակութասեր Կողբում։ Սպասվում են ոչ միայն ինքնատիպ համերգային ծրագրեր, այլ նաև՝ յուրահատուկ շոու-ներկայացումներ և այլ անակնկալներ, որոնք մեր հյուրերը կբացահայտեն՝ միանալով միջոցառմանը»,-նշում է «Կողբ» հիմնադրամի տնօրեն Մարիա Պետրոսյանը։