Ռուսաստանը չի մասնակցի Երևանում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ-2022»-ին

2022 թվականին կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցելու ռուսական ազգային ընտրության հայտերը չեն ընդունվի։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, հայտնել են Իգոր Կրուտոյի ակադեմիայի մամուլի ծառայությունից, որը նախորդ տարիներին հանդես էր գալիս որպես ազգային ընտրության կազմակերպիչ։

«Իգոր Կրուտոյի ակադեմիան հայտարարում է «Եվրատեսիլ» մանկական երգի 20-րդ միջազգային մրցույթի ազգային ընտրական փուլի հայտերի ընդունումը չեղարկելու մասին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

Ակադեմիան պարզաբանել է, որ որոշումն ընդունվել է Առաջին ալիքի, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության (ВГТРК) և «Օստանկինո» ռադիոտան՝ Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) դուրս գալու հետ կապված՝ ի պատասխան  Ռուսաստանին «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթից հեռացնելուն։

Փետրվարի 25-ին EBU-ն, որը «Եվրատեսիլի» կազմակերպիչն է, հայտարարել էր, որ Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանը ներկայացված չի լինի «Եվրատեսիլում»։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը անցկացվելու է Հայաստանում՝ դեկտեմբերի 11-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ 2021-ին Հայաստանի ներկայացուցիչ 14-ամյա Մալենայի «Քամի, քամի» երգով հաղթել է 19-րդ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ ստանալով 224 միավոր: Գլխավոր մրցանակի համար պայքարում էին 19 երկրի ներկայացուցիչ: