ԵՄ հատուկ ներկայացուցիչը ողջունել է «խաղաղ ապագային» ուղղված Երևանի և Բաքվի ջանքերը

Ավելի քան 40 հայ և ադրբեջանցի մասնագետ հունիսի 29-30-ը կլոր սեղան են անցկացրել Եվրամիության (ԵՄ) աջակցությամբ, հաղորդում է commonspace.eu կայքը։

Վրաստանի Կախրեթի քաղաքում կողմերը քննարկել են խաղաղ Հարավային Կովկասի ապագայի հնարավոր սցենարները։

Քննարկումները վերաբերում էին տնտեսության և կապի, անվտանգության, կառավարման ոլորտներին և մշակութային քաղաքականությանը։ Կողմերը նաև գնահատել են հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ազգային կառավարությունների, քաղաքացիական հասարակության և արտաքին դերակատարների կողմից՝ հայերի և ադրբեջանցիների միջև երկարաժամկետ խաղաղության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման հեռանկարների բարելավման համար:

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը վերահաստատել է ԵՄ-ի շարունակական հանձնառությունը «կայուն խաղաղությանը»:

Նա խոստովանել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների ապագայի վերաբերյալ քննարկումներն ուղեկցվում են բազմաթիվ մարտահրավերներով և բուռն հույզերով։

Հատուկ ներկայացուցիչը ողջունել է երկխոսության հաստատմանը, վստահության ձևավորմանը և արմատացած նարատիվներին դիմակայելուն ուղղված ջանքերը շարունակելու կողմերի վճռականությունը, որոնք խոչընդոտում են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, այլև ամբողջ Հարավային Կովկասի խաղաղ և բարգավաճ ապագային: