Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը կարող են դիմել ՍԴ. Արթուր Հովհաննիսյան

Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը կարող են դիմել ՍԴ, բայց արդյունքի չեն հաասնի։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանում հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացրել են Նաիրա Զոհրաբյանին։ «Նա դիմել է ՍԴ և որևէ արդյունքի չի հասել, որովհետև այս հարցը բացառապես ԱԺ ներքին կանոնակարգման հարց է: Բայց այո, կարող են դիմել ՍԴ»,-ասաց ՔՊ պատգամավորը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին իրենց պաշտոններից զրկելով, ընդդիմադիր շուրջ 10 պատգամավորներին մանդատներից զրկելու հարց էլ չառաջանա, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Կախված է հանգամանքներից: Այս պահին մանդատներից զրկելու հարցը դեռևս քննարկման փուլում է և պայմանավորված հետագա զարգացումներով, նաև ընդդիմադիր պատգամավորների խորհրդարանական պահվածքով, մենք ըստ այդմ որոշում կկայացնենք»:
Արթուր Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ ՔՊ-ում քննարկել և դեռ հիմա էլ քննարկում են նաև ԱԺ հանձնաժողովների մյուս երկու ընդդիմադիր նախագահների պաշտոններից հեռացնելու մասին հարցը, սակայն դեռ որոշում չկա: Խոսքը Թագուհի Թովմասյանի և Արմեն Գևորգյանի մասին է: Նա հերքեց մամուլի տեղեկությունները, թե ՔՊ-ում որոշ պտգամավորներ պաշտպանել են Արմեն Գևորգյանի շահերը:
Հարցին, թե ինչ է լինելու, եթե ընդդիմությունը այդ պաշտոններում նոր թեկնածուներ չառաջադրի, նա պատասխանեց. «Եթե չառաջադրեն, ապա ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ այդ պաշտոններն անցնում են քաղաքական մեծամասնությանը: Բայց ես կարող եմ նախնական ասել, որ մենք չենք պատրաստվում այդ պաշտոնները լրացնել»:

Հիշեցնենք, որ որ այսօր ԱԺ-ը փակ գաղտնի քվեարկությամբ իրենց պաշտոններից հեռացրեց ԱԺ փոխնախգահ Իշխան Սաղաթելյանին եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին: Ընդդիմադիր պատգամավորները նիստին չէին մասնակցում։