Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով աշխատանքային այցով Հունաստանում է, Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:

Այս մասին հայտնում է Twitter-ում Հունաստանի ԱԳՆ պաշտոնական էջը:

Հանդիպմանը երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, ինչպես նաև Ուկրաինայում իրադրությանը: Հունաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը «վերահաստատել են  հույն-հայկական բարեկամությունն ու ամուր պատմական կապերը», խոսել համագործակցության մասին:

Հանդիպման շրջանակում Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրվել է Եվրամիության հետ առնչվող հարցերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: