Ուրեմն, ասում են, միլիոնավոր զոհեր են լինելու

Մարդկությունը կարող է նորից քշվել պատվաստումների ճանապարհով

 

Առողջապահության համաշխարհային ցանցը («The World Health Network» ամերիկյան հասարակական կազմակերպությունը)  երեկ, կազմակերպության մամուլի ծառայության տեղեկացմամբ, կապկի ծաղիկը հայտարարել է արդեն համավարակ (պանդեմիա):

Հիմա արդեն քանի՞սը կարող են կասկածել, որ աշխարհում սրընթաց տարածվող կապկի ծաղկի վիրուսը բոլորովին էլ այն վիրուսը չէ, որն առաջին անգամ հայտնաբերվել է 1958 թվականին Աֆրիկայում, կապիկների մոտ, և ոչ էլ նույնիսկ մարդու մոտ առաջին անգամ Կոնգոյում 1970թ. հայտնաբերված «կապկի ծաղիկ» հիվանդության վիրուսը, որը նույնիսկ Աֆրիկայում մեծ տարածում չի ստացել, առավել ևս` Աֆրիկայից դուրս:

Այո, այն կապկի ծաղկի վիրուսն է, սակայն, դատելով ամենից, որևէ կենսալաբորատորիայում մարդու կողմից վիրուսի գենոմի փոփոխությամբ ստացված, այսինքն` արհեստական մուտացիայի ենթարկված տարբերակը, որին տրվել է օդակաթիլային ճանապարհով փոխանցվելու հնարավորություն: Այդպիսով, բայց, կարծում ենք, ոչ միայն այդպիսով մեծացվել է մարդուց մարդուն վիրուսի փոխանցման հատկությունը, այսինքն` այն դարձվել է ավելի ագրեսիվ, վարակիչ: Եթե նախկինում կապկի ծաղկի վիրուսը սովորաբար և ավելի հաճախ փոխանցվում էր կենդանուց մարդուն, ապա այժմ նաև` մարդուց մարդուն:

Ուշադրություն դարձրեք, թե ավելի վաղ ինչ է ասել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը` ի տարբերություն նախկին բռնկումների, վիրուսի ներկա տեսակն իրեն արտասովոր է դրսևորում: Բա ի՞նչ կանի, քանի որ ինչ-որ կենսալաբորատորիայում մարդու, ավելի ճիշտ, ճիվաղների «ձեռքը կպել է» դրան, իհարկե՛, արտասովոր կդրսևորի…

Եթե նախկինում կապկի ծաղկի դեպքերը կապված էին Աֆրիկա մեկնած զբոսաշրջիկների կամ այնտեղից բերված կենդանիների հետ, ապա աշխարհի մի շարք պետություններում ս. թ. մայիսից արձանագրված բռնկումը, որը, ինչպես երեկ հայտարարվեց, արդեն վերածվել է համավարակի, նախկինում եղած դեպքերից տարբերվում է նաև նրանով, որ Աֆրիկայից դուրս արձանագրված դեպքերը, չնչին բացառությամբ, կապ չունեն Աֆրիկայի հետ: Շատ դեպքերում դեռ պարզ էլ չէ, թե մարդիկ ինչպես են վարակվել:

Газета.Ру –ի տեղեկացմամբ , Առողջապահության համաշխարհային ցանցը (ԱՀՑ) երեկ՝ հունիսի 23-ին կայացած նիստի ընթացքում ԱՀԿ-ին կոչ է արել անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու հիվանդության հետագա տարածումը:

«ԱՀԿ-ն պետք է հրատապ հայտարարի հանրային առողջապահության ոլորտում իր սեփական արտակարգ դրությունը։ Անհապաղ միջոցներ ձեռնարկելով, մենք կարող ենք վերահսկել բռնկումները։ Այժմ անհրաժեշտ գործողությունները պահանջում են միայն ախտանիշների մասին հստակ իրազեկում, հասանելի թեստավորում, շփումների հետագծում և կարանտին», -նշված է ԱՀՑ կայքում երեկ հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ արդեն հաստատվել է կապկի ծաղկի 3417 դեպք՝ գրանցված 58 երկրներում, ինչն էլ հենց նկատի ունենալով, կազմակերպությունը որոշել է հայտարարել, որ կապկի ծաղկի բռնկումն արդեն վերաճել է համավարակի։

Եթե, ԱՀԿ տեղեկատվության համաձայն, հունիսի 14-ի դրությամբ կապկի ծաղկի հաստատված դեպքերն աշխարհում, ինչպես նշել ենք մեր «Կապկի ծաղիկն արդեն Վրաստանում է, Հայաստանում կասկածելի դեպքեր կան, բայց Անահիտ Ավանեսյանի «կանտորայի» կայքում բառ անգամ չկա այդ մասին» վերտառությամբ հրապարակման  մեջ, 1600-ից ավելին էին, այսինքն` 1700 չկային, ապա ընդամենն ինը օրում դրանք ավելի քան կրկնապատկվել են` 3417: Բացի նշվածից, հասկանալի է, որ կան նաև դեռ չհաստատված, կասկածելի դեպքեր: Եթե այն ժամանակ մարդկանց շրջանում հիվանդության դեպքերը գրանցված էին աշխարհի շուրջ չորս տասնյակ երկրներում, ապա երեկվա դրությամբ արդեն` 58:

Վարակի տարածման վերաբերյալ վերոնշյալ թվերը վկայում են, որ ԱՀԿ որոշ մասնագետների պնդումը, թե հնարավոր չէ կապկի ծաղկի արագ տարածումը, ինչպես կորոնավիրուսային հիվանդությունը տարածվեց, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում, եթե, իհարկե, համապատասխանում է ընդհանրապես…

Դատելով ամենից, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում նշված պնդման հիմքերից մեկը նույնպես, թե ի տարբերություն օդակաթիլային ճանապարհով շատ արագ տարածվող կորոնավիրուսի, որով կարելի է վարակվել վարակակրի հետ նույնիսկ կարճատև ու ոչ սերտ շփման դեպքում, կապիկի ծաղիկը փոխանցվում է միայն սերտ և երկարատև շփումների դեպքում:

Ինչպես նոր կորոնավիրուսի ի հայտ գալու սկզբնական շրջանում, այնպես էլ այժմ, նկատելի են ԱՀԿ դանդաղկոտությունը և անբավարար քայլերը, եթե չասենք հանցավոր անգործությունը` վարակի տարածումը վաղ փուլում կանխարգելելու համար: Ինչո՞ւ… Որպեսզի հետո մարդկությունը նորից քշվի միգուցե դարձյալ վտանգավոր պատվաստումների ճանապարհո՞վ… Միգուցե, որովհետև դեռ չգիտենք, թե զանգվածային կիրառման համար որոշակի ինչ պատվաստանյութ կամ պատվաստանյութեր են առաջարկվելու կամ պարտադրվելու «այս աշխարհի ճարտարապետների» կողմից կառավարվողները:

ԱՀԿ դանդաղկոտության և անբավարար քայլերի պայմաններում, բայց գուցե արդեն ուշացած կերպով ԱՀՑ-ն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը կոչ է արել անհապաղ գործի անցնել` ձեռնարկելու հնարավոր բոլոր միջոցները՝ հիվանդության տարածումը կանխելու համար, և նշել, որ «Անհրաժեշտ են համաձայնեցված գլոբալ գործողություններ…»:

«Բռնկումները չեն դադարի առանց համաձայնեցված գլոբալ գործողությունների,- նշված է ԱՀՑ հաղորդագրության մեջ:- Անգամ ծաղկի համեմատ մահվան ավելի քիչ ցուցանիշներով, քանի դեռ տարածումը կանխող գործողություններ չեն ձեռնարկվել, միլիոնավոր մարդիկ կմահանան, շատերը կկուրանան կամ հաշմանդամություն ձեռք կբերեն»:

Միլիոնավոր… Դե, իհարկե, հիշեցինք, թե կապկի ծաղկի առնչությամբ միլիոնավոր զոհերի առնչությամբ ավելի վաղ էլ որտեղ և ինչ ենք կարդացել, բայց առաջ չընկնենք, այդ մասին առաջիկայում…

ԱՀԿ-ն երեկ արտակարգ նիստ է հրավիրելու՝ գնահատելու կապկի ծաղկի ներկայիս տարածման համաշխարհային վտանգը: Բացի օդակաթիլային ճանապարհով տարածումից, կապկի ծաղկի վիրուսը կարող է փոխանցվել նաև սեռական հարաբերությունների, սերտ շփումների, համբույրի կամ վարակվածի կողմից օգտագործված սրբիչների, անկողնային պարագաների միջոցով:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան