ԲԴԽ-ը դադարեցրեց Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 23-ին, ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում կայացրեց։

Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին անցած տարվա ապրիլի 15-ին, պատճառը արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործն էր։

Կարգապահական վարույթ հարուցելու առնչությամբ Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը նշել է, որ խորհուրդը կարգապահականի այդ նիստը նշանակելիս ցուցաբերել է շտապողականություն և թույլ տվել խախտումներ։ Վարդազարյանն ու Օրբելյանը պնդել են, որ կարգապահական վարույթ հարուցելը քաղաքական դրդապատճառներ ունի։ Նպատակը՝ Վարդազարյանին ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն է։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել իր, ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի և փաստաբան Ստեփան Միքայելյանի՝ 2021 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած զրույցից։ Ըստ այդ ձայնագրության՝ Ջհանգիրյանը «համոզում է» Վարդազարյանին՝ հրաժարական ներկայացնել ԲԴԽ նախագահի պաշտոնից։ Նշենք, որ զրույցը տեղի է ունեցել նախորդ տարի։

Աղմկահարույց ձայնագրությունը Դատախազությունն ուղարկել է Քննչական կոմիտե։ Այսօր հայտնի դարձավ, որ այդ դեպքի առնչությամբ Վարդազարյանը հրավիրվել է ՔԿ՝ բացատրություն տալու։