Ուկրաինան կկռվի բահերով, եթե Արևմուտքը զենքի մատակարարումը դադարեցնի․ Դմիտրի Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ եթե նույնիսկ դադարեցվի Կիևին արևմտյան զենքի մատակարարումը, իր երկիրը կշարունակի դիմակայել Ռուսաստանին և «կպայքարի բահերով»։ Այս մասին հայտնում է  ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ARD հեռուստաալիքին։
«Եթե մենք զենք չունենանք, լավ, ուրեմն կկռվենք բահերով, բայց մենք կպաշտպանվենք, քանի որ այս պատերազմը պատերազմ է մեր գոյության համար», – ասել է Կուլեբան:
Նա ընդգծել է, որ որքան շուտ Ուկրաինան զենք ստանա, այնքան ավելի մեծ օգնություն կլինի երկրին։ Եթե զենքն ուշանա, Կիևը, միևնույն է, կասի «շնորհակալություն», բայց շատ կորուստներ կլինեն, և շատ մարդիկ կմահանան, պնդել է դիվանագետը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը փետրվարի 24-ին հատուկ ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում։ Նախագահ Վլադիմիր Պուտինը դրա նպատակն անվանել է «մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվել են Կիևի ռեժիմի կողմից բռնությունների և ցեղասպանության»: Դրա համար, ըստ նրա, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապաազգայնացում», պատասխանատվության ենթարկել բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասում «քաղաքացիների դեմ արյունալի հանցագործությունների համար»։