Արցախի նախագահն ընդունել է Կապանի համայնքապետի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ հունիսի 17-ին, ընդունել է Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը։

«Բարձր գնահատելով Մայր Հայրենիքի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը՝ երկրի ղեկավարն այդ համատեքստում հատուկ նշանակության է արժանացրել համայնքների միջեւ կապերի ամրապնդումն ու Կապանի համայնքի ղեկավարի` այդ ուղղությամբ ցուցաբերած նախաձեռնողականությունը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ շատ կարեւոր է, որ այդ հարաբերությունները ուղեկցվեն կրթական, մարզամշակութային եւ հայրենաճանաչության տարբեր միջոցառումներով:

Շնորհակալություն հայտնելով Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար՝ Կապանի քաղաքապետը վստահեցրել է, որ մի շարք ծրագրերի շուրջ փոխգործակցության համար Ստեփանակերտի քաղաքապետի հետ արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Հանդիպմանը մասնակցում էին տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։