Լուսանկարելիս մտքովս անգամ չէր անցնում, որ մեր հարստությունները կանցնեն թշնամու տիրապետության տակ

Այսօր Թեքեյան կենտրոնում տեղի է ունեցել լուսանկարիչ, «Մերան» թերթի խմբագիր, արցախյան ազատամարտիկ, Զոհրաբ Ըռքոյանի անհատական ցուցահանդեսը։

«Հայկական Քաշաթաղ» անունը կրող ցուցահանդեսում ներկայացվել է հայկական Քաշաթաղի պատամամշակութային, հոգևոր հուշարձանների ժառանգությունը։

Լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը մեզ հետ զրույցում ցավով նկատեց․

«Այս հուշարձաններն այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկացության տակ, ինչի համար մե՜ծ ցավ եմ ապրում։ Լուսանկարելիս մտքովս անգամ չէր անցնում, որ կարող է գալ մի օր, երբ մեր պատմամշակութային, հոգևոր հարստությունները կանցնեն թշնամու տիրապետության տակ, ու այսօր իմ ձեռքում կմնան միայն մեր սրբատեղիների լուսանկարները»։

Բայց լուսանկարիչը համոզված է․ «Հետ ենք բերելու թշնամուց զավթված մեր տարածքները, այս անարդարությունը երկար չի կարող շարունակվել»։

Տեղեկացնենք, որ «Հայկական Քաշաթաղ» լուսանկարների ցուցահանդեսը իրականացվել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի և Թումանյանի տուն-թանգարանի համատեղ ջանքերով։

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 30-ը։