Հայհոյված իշխանությունները նորից անպաշտպան են

Հուլիսի 1-ից սկսած մեզանում այլևս ոչ ոք այսպես կոչված ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ այդ օրվանից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքում «ծանր վիրավորանքի» համար նախատեսված դրույթն ամրագրված չէ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ կառավարության քայլն արդարացնելու համար նշելով, թե «ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բևեռացման պայմաններում առանձին խմբերի և անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով»: Փոխարենը, անձին ծանր վիրավորանք հասցնելու համար կկիրառվի մինչ օրս էլ գործող քաղաքացիական օրենսգրքով սահմանված մինչև 3 միլիոն դրամի տուգանքի դրույթը։

Հենց իշխանությանը «սիրող» ժողովրդին «փաղաքշելու» համար էլ դրույթը վերակենդանացվեց

Հիշեցնենք, որ անցած տարի հուլիսին Ազգային ժողովն ընդունեց «ծանր վիրավորանքը» քրեականացնելու օրինագիծը՝ նոր հոդված ավելացնելով քրեական օրենսգրքում։ Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նույնն է թե հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը, ըստ դրույթի, նախատեսում է պատիժ 100 հազարից կես միլիոն դրամ տուգանքով։ Եթե հայհոյանքը հրապարակային է եղել, կամ արվել է համացանցով, կամ եղել է անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, տուգանքը կես միլիոնից մեկ միլիոն դրամ է, իսկ եթե միևնույն անձի նկատմամբ և պարբերաբար է տեղի ունեցել, ապա պատիժը 1-3 միլիոն դրամի տուգանք է նախատեսում կամ կալանք մեկից երեք ամիս ժամկետով: Օրենքի դրույթն ընդունվել էր իշխանական պատգամավորների ձայներով՝ հարուցելով ընդդիմության, լրագրողական կազմակերպությունների, հանրային լայն շրջանակների դժգոհությունը։ Ի դեպ, նոր հանրապետության պատմության մեջ արդեն մեկ անգամ փորձ արվել էր հայհոյանքը քրեականացնելու համար։ Բայց այդ էջն էլ շատ արագ շրջվեց․ 12 տարի առաջ՝ 2010 թվականից Եվրախորհրդի հորդորով ապաքրեականացվեցին վիրավորանքի և զրպարտության բոլոր դրսևորումները։ ՔՊ-ականները, որոնք իշխանության եկան նախկինների վարքնուբարքը պոպուլիզմի բոլոր գործիքներով քննադատելու ու դատափետելու միջոցով, նախորդ տարի հետողորմյա արեցին այդ դրույթը՝ այն իբրև պատվար օգտագործելով հնարավոր հայհոյանքներից, վիրավորանքներից իրենց պաշտպանելու համար։ Իշխանությունների սովորությունն է՝ խոսքով ասել մի բան, գործով հակառակն ապացուցել։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա են հայտարարում, թե դիմադրության շարժումն իրենց համար վտանգ չէ, ու իրենք որևէ սպառնալիք չեն տեսնում այդ շարժումից, բայց ոստիկանական ողջ ներուժը գործի են դրել դիմադրության շարժումը ճնշելու, դրա մասնակիցներին բերման ենթարկելու համար։ Եվ ահա իրենց աշխարհի ամենաժողովրդավար իշխանություն հորջորջած քպ-ականները որքան էլ հուսադրում են բոլորին, թե իբրև իրենք 2018 թվականի սերն են վայելում հանրության կողմից, քաջ գիտակցում են, որ ՀՀ շարքային քաղաքացիների զգալի մասն արթնանում ու քնում է օրվա իշխանություններին հայհոյելով ու անիծելով, և հենց իրենց «սիրող» ժողովրդին «փաղաքշելու» համար էլ դրույթը վերակենդանացվեց։ Փորձագետները բազմիցս են նշել այդ օրենքի խութերի մասին՝ իշխանություններին զգուշացնելով չեղարկել այն։ Եվ միայն մեկ տարի հետո, այն էլ արտաքին ճնշումների ազդեցությամբ իշխանությունները տեղի տվեցին։ Դեռ տարեսկզբին ԵԽԽՎ-ը հատուկ բանաձև ընդունելով՝ հերթական անգամ հորդորել էր Հայաստանի իշխանություններին «ծանր վիրավորանքն» ապաքրեականացնել։ «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անունով բանաձևի՝ հայաստանյան լրատվամիջոցներին վերաբերող հատվածում նշված էր, որ ղարաբաղյան պատերազմից հետո, ի պատասխան աննախադեպ ապատեղեկատվության և ատելության խոսքի տարածման, Հայաստանի իշխանությունները մեծացրին վիրավորանքի ու զրպարտության համար տուգանքի չափը, ինչպես նաև քրեականացրին հանրային գործունեություն իրականացնող անձանց ծանր վիրավորանք հասցնելը, ԵԽԽՎ-ը վերահաստատեց իր դիրքորոշումը՝ «ծանր վիրավորանքը» չպետք է քրեականացվի։ Վեհաժողովը նաև կոչ արեց հայաստանյան իշխանություններին համոզվել, որ խոսքի ազատության ու անձի արժանապատվության ապահովման միջև հավասարակշռությունը պահպանված է, որ «ծանր վիրավորանքի» քրեականացումը չի կիրառվի կամայական՝ անհատների և լրատվամիջոցների դեմ։

Հոդվածի ընդունումը որպես «անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլ

2022-ի փետրվարին միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը ևս անդրադարձել էր ՀՀ իշխանությունների կողմից խոսքի ազատության ոտնահարման փորձերին՝ Հայաստանի խորհրդարանին կոչ անելով չեղարկել չարաբաստիկ դրույթը: Իրավապաշտպան կազմակերպությունը բազմիցս է քննադատել նշված հոդվածը՝ շեշտելով, որ այն վտանգում է ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում Հայաստանի գրանցած ձեռքբերումները: «Ազգերն անցումային շրջանում» տարեկան զեկույցում Freedom House-ը հոդվածի ընդունումը բնորոշել էր որպես «անկախ մեդիայի դեմ իրականացվող քայլ»:

Այնինչ Հայաստանի գործող իշխանությունը դրույթի կիրառումը համարում էր նպատակահարմար՝ ընդգծելով, որ «Հայաստանում ազատ խոսքի իրավունքի չարաշահում կա»: Կառավարության այս տեսակետը չէին կիսում լրագրողական, իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպես այն ժամանակվա ՄԻՊ Արման Թաթոյանը, բոլորն էլ այդ փոփոխությունը քաղաքական էին անվանում, և ոչ թե իրավական: Արման Թաթոյանը օրենքի հոդվածն ընդունելուց հետո ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Քրեական օրենսգրքում ծանր վիրավորանքի հոդվածին՝ նշելով, որ ծանր վիրավորանքի հոդվածը դասական օրինակ է, թե ինչպես Քրեական օրենսգիրքն ուղղակի ծառայեցվեց մեկ կուսակցության շահերի ու մեր երկրի համար ապահովվեց ժողովրդավարության հետընթաց: Ինչպե՞ս կարելի էր դրանից մի քանի ամիս առաջ` ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ  հայհոյանքն ու վիրավորանքը հասցնել ամենաբարձր «պիկի» ու գրեթե անմիջապես հետո սկսել Քրեական օրենսգրքով պայքարել դրա դեմ: Որքան ասացինք` ընտրված է պայքարի սխալ տարբերակ, բայց կար քաղաքական որոշում. անտեսվեցին մասնագիտական բոլոր կարծիքները և միայն քաղաքական որոշման համար փոխվեց Քրեական օրենսգիրքը: Ըստ ՄԻՊ-ի՝ ԱԺ-ում քննարկման ժամամակ Կառավարությունն ու հոդվածի օգտին հանդես եկող պատգամավորներն իրենք չէին կարողանում բացատրել, թե ինչ են նշանակում հոդվածի ձևակերպումները․ «Այս հոդվածը վերածվել է պաշտոնյաներին ու քաղաքական գործիչներին քաղաքացիներից անթույլատրելի պաշտպանության տակ առնող հոդվածի` այն էլ ծանրացնող հանցակազմով»:

Արման Թաթոյանը կարևոր հարց էր բարձրացրել, թե ինչ չափանիշներով են իրավապահ մարմինները որոշում «թիրախները»․ «Օրինակ` ինչպե՞ս է իրավապահ մարմինը առանց վիրավորանքի զոհի, սեփական նախաձեռնությամբ որոշում, որ ինչ-որ բառերի համար պետք է վարույթ սկսի ու այդ գործով գնա մարդկանց անհանգստացնելու, իսկ ինչ-որ բառի համար` ոչ: Ասենք, արդյո՞ք զանգում են այն պաշտոնյանին, ում ենթադրաբար վիրավորել են ու հարցնում նրան` արդյոք նա վիրավորվե՞լ է քաղաքացու կոնկրետ արտահայատությունից կամ էլ միգուցե իրավապահ մարմինները փորձում են կռահել` այդ պաշտոնյան կվիրավորվե՞ր արված արտահայտությունից, թե ոչ: Կամ միգուցե իրավապահ մարմնի կոնկրետ ծառայողն իրեն դնում է կոնկրետ պաշտոնյայի տեղը կամ իր վրա է վերցնում ինչ-որ արտահայտություն ու փորձում հասկանալ` ինքը կվիրավորվե՞ր դրանից, թե ոչ: Կամ արդյո՞ք կա հաստատված բառերի ցանկ, ու իրավապահ մարմիններն արդեն այդ ցանկով են ստուգում հայհոյանքները ու ամեն անգամ թարմացնում են ցանկը»:

Փաստացի այս դրույթով իշխանությունները մի ամբողջ համակարգ՝ իրավական համակարգը լարեց ՀՀ քաղաքացիների դեմ՝ ոստիկանների, ԱԱԾ աշխատողների, այլ իրավական կառույցների ներկայացուցիչների համար փաստորեն պարապ վախտի խաղալիք ստեղծելով և նրանց պարտադրելով ծիծաղելի, զավեշտալի գործերով զբաղվել՝ երկրի առաջ ծառացած լուրջ մարտահրավերների հերթում առաջնային համարելով մարդկանց բերանները փակելը, դոնկիխոտների պես հողմաղացների դեմ մարտնչելով։ Մյուս կողմից էլ այդկերպ իշխանությունները արժեզրկեցին այդ համակարգը, նվաստացրեցին դրա դերը և որակազրկեցին՝ այն դարձնելով քաղաքական որոշումների համար ձեռքի տակ գտնվող հարմար գործիք։

Էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու

Ի դեպ, նախորդ տարվա հոկտեմբերի 13-ին Արման Թաթոյանն անգամ դիմել էր Սահմանադրական դատարան՝ վիճարկելու վերոհիշյալ դրույթը, մանավանդ, որ ՍԴ դիմում ներկայացնելու ժամանակ արդեն կային հրապարակային տվյալներ, որ գործեր են հարուցվում քաղաքական միջամտություններով: Բայց ՍԴ-ն սահմանադրական էր ճանաչել դրույթը՝ իշխանությունների առաջ կանաչ լույս վառելով Հայաստանի քաղաքացիների նատմամբ անհիմն քրեական գործեր կարելու համար։ Վիճակագրական տվյալները փաստում են՝ իրավապահ մարմինները ձեռքները ծալած, պարապ-սարապ չեն նստել և «ծանր հայհոյանքի» հոդվածով գրեթե 1000 ՀՀ քաղաքացու նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ՝ ծանր վիրավորանք հասցնելու գործով ավելի քան 800 քեական գործ է հարուցվել, դրանցից ավելի քան 50-ը դատարանում է, 6-ի մասով էլ արդեն դատավճիռ է կայացվել։ Թե ինչ է լինելու այս մարդկանց ճակատագիրը, պարզաբանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը, ի դեպ, «Ծանր վիրավորանքի» դրույթի հեղինակն է։ Հունիսի 13-ին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա տեղեկացրել է, որ օրենքի ապաքրեականցման դեպքում արդեն իսկ հարուցված քրեական գործերը կարճվելու են։ Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում՝ էշին նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու։ Ակամա հռետորական հարց է առաջանում, ի՞նչ նպատակով թիթեռի կյանք ունեցող օրենքը կիրառվեց, արդյո՞ք այն ծառայեց այդ նպատակին, որը հոգու խորքում փայփայում էին քպ-ականները։ Վլադիմիր Վարդանյանի հավաստմամբ՝  հայհոյանքը դարձել էր քաղաքական խոսույթի մի մաս, ուստի անհրաժեշտ էր միջոցներ ձեռնարկել դրա դեմ: Այդ պատճառով էլ նրանք դիմեցին նախկին իշխանությունների երբեմնի կիրառված գործիքակազմին։ Նրա խոսքով, հայհոյանքի քրեականացումը եղել է որպես ժամանակավոր միջոց, դրա համար էլ նոր օրենսգրքում այդ հոդվածը չկա։ Պատգամավորը հույս  է հայտնել, որ այդ կարգավորումները և քրգործերի առկայությունը որոշակի կանխարգելում իրականացրեցին և ատելության խոսքը ավելի չտարածվեց, ինչ-որ առումով սանձվեց։ Հետաքրքիր է, այդ ի՞նչ հետազոտության արդյունքներն են պատգամավորին այդքան հուսադրել և արդյո՞ք հոդվածը չեղարկելուց հետո մենք նորից առաջվա պատկերը չենք ունենա, եթե անգամ ինչ-որ չափով հայհոյանքների թիվը նվազել է։ Կարելի է մտածել, որ այս կարճ ժամանակահատվածում մարդկանց վերաբերմունքը փոխվել է իշխանությունների նկատմամբ դեպի դրականը։ Փաստն այն է, որ եթե այս իշխանություններին մնար, ապա նրանք նույն ոգով ու ջանասիրությամբ կշարունակեին քաղաքացիների դեմ գործեր հարուցելու ռազմավարությունը, և միայն միջազգային կառույցների կոշտ դիտողությունների ազդեցության տակ նրանց այլ բան չէր մնում, քան հրաժարվել այդ մտրակից։ Որքան էլ Վլադիմիր Վարդանյանը փորձի համոզել, թե ո՛չ Եվրոպական դատարանը, ո՛չ որևէ միջազգային ստանդարտ չի ազդել իշխանություների որոշման վրա, այլ ի սկզբանե դրույթն իբրև ժամանակավոր միջոց է նախատեսված եղել ու իշխանական քննարկումների արդյունքում է չեղարկվել, փաստ է, որ անգամ ՍԴ-ն էին օգտագործել իշխանությունները, որպեսզի օրենքի ուժ տան «հայհոյանքի քրեականացմանը»։  Անգամ Արման Թաթոյանն է արձանագրել, որ քպ-ն հարկադրված էր հրաժարվել այդ պատժամիջոցից, և որ այդ քայլն ամենևին կառավարության մեծահոգությունը չէ, ինչպես իրենք փորձում են ներկայացնել։ Նա տեղեկացրել է, որ քրեական նոր օրենսգրքի անկախ, չքաղաքականացված փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբը նախագծում այդ հոդվածը չէր ներառել ու չէր էլ ներառելու: Այնպես որ, նոր Քրօրեսգրքի ուժի մեջ մտնելուն պես հայհոյանքի քրեականացումն այսպես թե այնպես դադարելու էր գործել։

Թագուհի Ասլանյան