Հայաստանը և Կատարը առողջապահության բնագավառում համագործակցության պայմանագիր են կնքել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Կատարի Պետությունում (ԿՊ) գտնվող ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ԿՊ առողջապահության նախարար Հանան բինթ Մուհամմադ ալ-Քուվարին ստորագրել են առողջապահության բնագավառում երկու երկրների համագործակցության պայմանագիր: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Վերջին շրջանում առողջապահության բնագավառում զգալիորեն ակտիվացել են հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին» պայմանագրի ստորագրումը դրական ազդեցություն կունենա երկու պետությունների միջև ոլորտի փոխգործակցության բարելավման, առողջապահական և բժշկագիտության ասպարեզում հայ-կատարական սերտ համագործակցության վրա։ Միջգերատեսչական համագործակցության շնորհիվ` կողմերի միջև առավել արդյունավետ կկազմակերպվեն մասնագետների փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման հարցերը: Իսկ առողջապահական ու բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելու, առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական սպասարկման բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման ու փոխշահավետ ներդրումների ներգրավման, հանրային առողջության պահպանման և զարգացման, բժշկագիտական հետազոտությունների, դեղագիտության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներին առնչվող գործակցությունը նոր թափ կստանա:

Նշվում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցի բարձրաստիճան հանդիպումների շարքում նախատեսված է նաև երկու պետությունների առողջապահական գերատեսչությունների ղեկավարների հանդիպում` երկկողմ ձևաչափով: