Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը Լոռու մարզում էր

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 6-7-ը այցելել է Լոռու մարզ, որտեղ մեկ տասնյակից ավելի պաշտոնական և մասնավոր հանդիպումներ է ունեցել։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից։

«Աննա Հակոբյանի այցը Լոռու մարզ սկսվել է Վանաձորից: Առաջին կանգառը Վանաձորի բժշկական կենտրոնն է եղել, որտեղ նրան դիմավորել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Վանաձորի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, բուժկենտրոնի տնօրենը:

Բուժկենտրոնի անձնակազմը Աննա Հակոբյանին ուղեկցել է ծննդաբերական բաժանմունք, որտեղ 3 օրում ծնվել է 23 երեխա` 16 տղա և 7 աղջիկ: Վարչապետի տիկինը տեսակցել է բոլոր նորածիններին: Նրանց մայրերին նվիրելով ծաղկեփունջ` Աննա Հակոբյանն ընդգծել է, որ ծնողներից է կախված իրենց երեխաների ապագան և հույս հայտնել, որ նրանք մեծ ուշադրություն կդարձնեն իրենց զավակների առողջությանն ու կրթությանը։

Աննա Հակոբյանին ներկայացվել է նաև Վանաձորի բժշկական կենտրոնի նորաբաց ֆիզիոթերապիայի բաժանմունքը: Այն գործում է այս տարվա փետրվարից և վերազինվել է «Ազնավուր» հիմնադրամի աջակցությամբ: Բաժանմունքը պատերազմի մասնակիցների համար ծառայում է որպես վերականգնողական կենտրոն, քաղացիական անձանց նույնպես մատուցվում են ծառայություններ: Այն վերազինված է եվրոպական բարձր ստանդարտներին համապատասխանող լավագույն սարքավորումներով: Բաժանմունքի վարիչ Արթուր Մխիթարյանի խոսքով` այն իր հնարավորություններով Հայաստանում երկրորդն է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնից հետո:

Լոռու մարզ այցելության հաջորդ կետը Դարպաս գյուղն էր, որտեղ վարչապետի տիկինը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Կարեն Ավետյանի ընտանիքի հետ»,- նշվում է մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։