Ադրբեջանը ցանկանում է Դադիվանքի հայ հոգևորականներին փոխարինել Բաքվի ռուսական թեմի սպասավորներով․ Արցախի թեմի առաջնորդ․ NEWS.am

Տեղեկություններ կան, որ Ադրբեջանը ցանկանում է դիմել ռուսական կողմին, որպեսզի Դադիվանքի հայ հոգևորականները փոխարինվեն Բաքվի ռուսական թեմի հոգևորականներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

«Այս տեղեկությունները կարծում եմ լիովին համահունչ են Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականությանը։ Իրենք անում են ամեն ինչ, որ իրենց ուզածը կյանքի կոչեն և մեր հոգևորականներին հանեն Դադիվանքից։ Իրենք տեսան, որ ուդիների այցերով ոչնչի չեն կարողանում հասնել և դիմեցին այս տարբերակին։ Բացի այն, որ կհեռացնեն հայ հոգևականներին, կասեն նաև, որ ռուս խաղաղապահների կարիք այլևս չկա։ Ես վստահ եմ, որ ռուս ուղղափառ եկեղեցին այդ քայլին տեղիք չի տա»,- ասաց գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Արցախի թեմի առաջնորդը հայտնեց նաև, որ ընթանում են ինտենսիվ բանակցություններ՝ հայ ուխտավորներների մուտքը դեպի Դադիվանք վերականգնելու համար։