Ինչո՞ւ քպ-ական դեսպաններին գիտելիքներ, փորձառություն և հմտություններ անհրաժեշտ չեն

Հունիսի 6-ին Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ.  պետ​​բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադառնալով ՀՀ դեսպանների գործունեությանը՝ փորձել է արդարացնել աշխարհի տարբեր երկրներում ոչ բանիմաց ու համապատասխան գիտելիքներ, փորձառություն չունեցող քպ-ականներին դեսպանների պաշտոններում նշանակելու իրենց տխրահռչակ փորձը՝ արդյունավետ գնահատելով նրանց աշխատանքը։ Միրզոյանն անգամ նշել է, թե այդպիսի պրակտիկան աշխարհում լայն տարածում ունի, և այդպիսի պաշտոններն ավելի շատ քաղաքական են, քան դիվանագիտական։ Ի դեպ, արտգործնախարարը նույն չափորոշիչներով է վերաբերվում նաև նախարարի պաշտոնին, ըստ նրա՝ նախարարի պաշտոնում ևս քաղաքական նշանակումն աշխարհում ընդունված է և արդարացված։ Մասնավորապես խոսելով արտգործնախարարի պաշտոնի մասին՝ Միրզոյանը մատնանշելով միջազգային փորձը՝ հայտարարել է, թե ոչ բոլոր արտգործնախարարներն են դիվանագետներ։ Նախարարը դիվանագիտական ​​պաշտոններում քաղաքական նշանակումների մեջ վտանգավոր ոչինչ չի տեսնում: «Նախարարը քաղաքական պաշտոն է, և արտաքին կապերի գերատեսչությունների ոչ բոլոր ղեկավարներն են պրոֆեսիոնալ դիվանագետներ։ Նույնն է նաև դեսպանների դեպքում։ Ինչ վերաբերում է դեսպանների վերջին քաղաքական նշանակումներին, ապա կարող եմ վստահեցնել, որ նրանք մեր լավագույն դիվանագետներից են»,- հավաստիացրել է Միրզոյանը՝ հավանաբար նկատի ունենալով հայկական մշակույթն իր մեջ կրելով՝ մաշկույթը զգետնած, նվաստացրած Լիլիթ Մակունցին, որը ճակատագրի բերումով անգլերենի դասախոսից քայլեց, քայլեց ու հասավ մշակույթի նախարարի, այնուհետև «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի, ապա՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնին։ Ի՞նչ նշանակալի, հայանպաստ ծրագիր է իրականացրել Մակունցը  Հայաստանում՝ մշակույթի նախարար եղած ժամանակ, որ նրա այդ չլսված, չիմացված վաստակի համար գործուղել են ԱՄՆ՝ դեսպանի խիստ պատասխանատու պաշտոնով։ Պարզ է՝ քպ-ական դեսպաններին որևէ գիտելիք և փորձառություն հարկավոր չէ մի պարզ պատճառով․ նրանց հատուկ ընտրում են որպես իշխանության կամակատար ու որպես հրահանգներ իրականացնող օգտագործելու նպատակով։ Իրենց ընդամենը կամակատարներ են հարկավոր, որոնք այլ երկրներում կծառայեն Հայաստանի այսօրվա իշխանությունների հակահայկական քաղաքական գծին, ոչ ավելին։ Մինչդեռ Հայաստանին այսօր առավել քան երբևէ բանիմաց, հմուտ, խորագետ ու բազմաթիվ միջազգային կապեր ու ազդեցություն ունեցող դեմքեր են հարկավոր՝ այլ պետություններում մեր երկիրը ներկայացնելու և Հայաստանի շահը սպասարկելու համար։ Այսօր Հայաստանն անվտանգային բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած՝ պարտված պատերազմից հետո ստորագրված կապտուլյացիոն փաստաթուղթ, ռազմագերիների խնդիր, Արցախի խնդրի ադրբեջանանպաստ տրամադրվածություն միջազգային հանրության կողմից և այլն, և այլն։ Նման պայմաններում, երբ հայ-ադրբեջանական պատերազմը դիվանագիտական դաշտ է տեղափոխվել,  միջազգային հանրության հիմնասյունը համարվող պետություններում մեզ լուրջ, զորեղ մասնագետներ են պետք, որոնք զորավիգ կլինեն մեր երկրին՝ նշված և այլ խնդիրների լուծման հարցում, միջազգային հանրությանը կտրամադրեն իրենց կաշառելու համար միջոցներ չխնայող Ադրբեջանի դեմ և կկարողանան աշխարհաքաղաքական գործընթացները նաև հօգուտ Հայաստանի շրջել, դիմակայել ադրբեջանական դիվանագիտական ուժին։ Հայաստանին այլ ելք չի մնում, քան գործի դնել իր դիվանագիտական հնարավորությունների ողջ զինանոցը։ Բայց արի ու տես, որ ճիշտ հակառակն է արվում՝ Փաշինյանը քաղաքական չորս տարվա ձախողած փորձ ունեցող դեմքերի է նշանակում դեսպանների պաշտոններում, ինչպես նշեցինք՝ ամենայն հավանականությամբ հատուկ դիտավորությամբ, որպեսզի դրսում ևս հնարավոր լինի ձախողել Հայաստանի շահը, և երկիրը տանել փաշինյանական նկրտումների ուղիով՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավում Թուրքիայի կողմից պարտադրված նախապայմանների կատարմամբ, Հայաստանի մի շարք տարածքների, Արցախի ամբողջական հանձնում թշնամի Ադրբեջանին։ Իհարկե, աշխարհում ևս ընդունված են դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում քաղաքական նշանակումները, սակայն այդ երկրների թիվը նախ շատ քիչ է, և հետո՝ այդ երկրները կանգնած չեն լուրջ վտանգների առաջ և նրանց լինել-չլինելու հարց չկա։ Նախորդ իշխանությունների օրոք Փաշինյանն ու իր թիմակիցները քննադատում էին, որ դեսպանների պաշտոնում քաղաքական դեմքեր են նշանակվում, ինչը Հայաստանի համար չի կարող լավագույն լուծումը լինել։ Եվ ահա նույնը շատ ավելի մոլեգին անում է Փաշինյանը՝ դիվանագիտական աշխատանքից բացարձակ գաղափար չունեցող իր թիմակիցներին նշանակելով առանցքային նշանակություն ունեցող պետություններում, որոնք էական ազդեցություն ունեն մեր տարածաշրջանում և Հայաստանի ճակատագրում։ Օրինակ՝ Լիլիթ Մակունցի նշանակումն այնպիսի առանցքային երկրում, ինչպիսին ԱՄՆ-ն է, կամ Վաղարշակ Հարությունյանի նշանակումը Ռուսաստանի Դաշնությունում, զավեշտի ժանրից է, եթե այդքան տխուր չլիներ և լացելու, ապա կարելի է ծաղրել իշխանությունների գործելաոճը։ Նույն տրամաբանությամբ Գերմանիայում և Իսպանիայում դեսպանների պաշտոններում են նշանակվել քպ-ականներ Վիկտոր Ենգիբարյանը և Սոս Ավետիսյանը։ Ինչպես նկատեցիք՝ Արարատ Միրզոյանի արդարացումը, թե այդ պաշտոններում քաղաքական նշանակումներն արդարացված են, տարրական մանիպուլյացիա է, քանի որ իրականում նրանք ոչ այնքան քաղաքական նշանակումներ են, որքան կուսակցական․ իշխանությունը դեսպանների պաշտոնները աջուձախ բաժանում է հենց այն մարդկանց, որոնք յուրային են, քպ են, քայլած են, Փաշինյանի գաղափարակիցներն են ու դրանք իրագործողները։

Ամերիկահայ գրող, ճանաչված հասարակական գործիչ, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը, ի դեպ,  անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի գործունեությանը՝  նշել է, որ Մակունցը խուսափում է համայնքի հետ հանդիպումներից, և Հայաստանի պատմության միակ ու առաջին դեսպանն է, որ մինչ օրս ամենամեծ համայնք՝ Լոս-Անջելես, որևէ այցելություն չի ունեցել: Ահազանգեր կան նաև, որ Լիլիթ Մակունցն ԱՄՆ-ում չի պաշտպանում Սփյուռքի շահերը և ընդամենը լծված է Հայաստանի իշխանությունների քաղաքական պատվերները կատարելու գործին՝ այլևս չհնչեցնելով Հայ դատի մասին, չբարձրաձայնելով Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը։

Ի դեպ, խոսելով ոչ հայանպաստ գործունեության մասին, չենք կարող շրջանցել Ուկրաինայում Փաշինյանի կողմից դեսպան նշանակված Վլադիմիր Կարապետյանի մասին, որև նույնպես զրո փորձառություն ունի դիվանագիտական ասպարեզում և ըստ էության վարչապետի մամուլի խոսնակի պաշտոնից նրան ազատեցին բավականին կասկածելի պատճառներով, երբ ամանորյա ուղերձում Փաշինյանը խայտառակ եղավ։  Որոշ հրապարակումների համաձայն՝ վարչապետի երբեմնի խոսնակն Ուկրաինայում ժողովներ է հրավիրում, որոնց մասնակից է դարձնում նաև հայտնի ռուսաֆոբների։ Բնականաբար դա չի կարող բացասական արձագանք չունենալ Ռուսաստանում։ Հայաստանը չի կարող աշխարհաքաղաքական ռեվերանսներ թույլ տալ՝ հաշվի առնելով այն հսկայական դերը, որն ունի Ռուսաստանը Հայաստանի անվտանգության և տնտեսության համար։ Ուստի դեսպանը դիվանագետ լինելու դեպքում կգիտակցեր այս նրբությունները և հավանաբար զերծ կմնար նման սադրանքներից։

Թագուհի Ասլանյան