Հիմա այդպիսի սադրիչները հավանաբար մաստեր կլասներ են տալիս ոստիկանության ՀՆԳ կարմիր բերետավորներին

Երևանում երեկ՝ հունիսի 3-ին ոստիկանության հարձակումը բողոքի երթի մասնակիցների վրա սկսվեց այն պահին, երբ ինչ-որ մեկն ասաց, թե իբր քարով խփել են ոստիկաններին։ Եվ դրանից հետո ոստիկանների հատկապես կարմիր բերետավորները անցան իրենց հրեշավոր առաջադրանքի կատարմանը, մի քանի նորմալ ոստիկան էլ կուտը կերավ ու սկսեց ցուցարարներին դաժանաբար ծեծել «իր ընկերներին քարով խփելու համար»։ Մոտ 60 մարդ հայտնվեց հիվանդանոցում։

Մեկ օր անց, ինչպես ասաց Արթուր Վանեցյանը, պարզվել է, որ ոստիկաններին քարով խփելու համար ոչ մի ցուցարար չի ձերբակալվել։ Այլ կերպ ասած՝ չկա քարով ոստիկան ծեծած ցուցարար։ Քարով հարվածելու մասին մի քանի վարձու ոստիկաններ գոռացին հավաքի ժամանակ, գրգռեցին մարդկանց, առիթն օգտագործեցին ու հարձակվեցին ցուցարարների վրա, արեցին իրենց տրված հանցավոր առաջադրանքը։

Մի քանի օր առաջ նույնպիսի սրիկայություն արել էին իմ ընկեր ու գործընկեր Վահե Սարգսյանի նկատմամբ։ Իր լրագրողական պարտականությունը կատարող Վահեն մի պահ հայտնվել էր ոստիկանների ու ցուցարարների մեջտեղում։ Կադրերում երևում է, որ փորձում է հանգստացնել մարդկանց, թույլ չտալ, որ բախում լինի։
Եվ գիտե՞ք, թե ինչ է լինում այդ պահին։

Ոստիկանական համազգեստով մեկը գոռում է, թե Վահե Սարգսյանը ոտքով հարվածում է իր ամորձիներին (կներեք)։ Ու այդ ամորձատված ոստիկանը հրահրում է սադրանք Վահեի նկատմամբ։ 10-ից ավելի ոստիկան սկսում է դաժանաբար ծեծել լրագրողին, պատառոտել հագուստը, հանել կոշիկները, հետո նույն այդ, իր խոսքով, ամորձատված ոստիկանը հայհոյելով քարշ է տալիս Վահեին դեպի ոստիկանական մեքենան՝ ճանապարհին սպառնալիքներ հնչեցնելով։ Տղամարդիկ կհասկանան, թե ոտքով նման հարված ստացած մարդը ինչպես կարող է այդպես ոգևորված մասնակցել մեկ ուրիշին ծեծելու հանձնարարված արարողությանը։

Հիմա տեսնո՞ւմ եք սադրիչ գոռգոռոցների տրամաբանական նմանությունը։ Նույնպիսի արարք է, ինչպես 2008-ի այն դեպքը, երբ մեկը գոռում էր, թե աղբամանի միջից սպանված երեխայի կոշիկ են գտել, և ամբոխին հրահրում էր արյունալի բախման։ Հիմա այդպիսի սադրիչները հավանաբար մաստեր կլասներ են տալիս ոստիկանության ՀՆԳ կարմիր բերետավորներին։

 

Նաիրի  Հոխիկյան