Գնում ենք կառավարական առանձնատուն. Իշխան Սաղաթելյան

Կառավարության շենքը շրջափակած ընդդիմադիրները երթով գնում են կառավարական առանձնատուն։ Այդ մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց «Դիմադրություն» շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը` ազդարարելով երթի մեկնարկը։

«Գնում ենք կառավարության առանձնատուն` կրկին մեր հարցի հետևից։ Ասում ենք` մի՛ փախիր, Նիկո՛լ, դուրս արի և ժողովրդի գլխավոր հարցին պատասխանիր։ Հակառակ դեպքում, դավաճա՛ն, հեռացի՛ր»,– ասաց Սաղաթելյանը։

Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները ՝ «Պատիվ ունեմ»-ը և «Հայաստանը», հանդես են եկել արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։ Նրանք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարությամբ հանդես գա, որում ի թիվս այլ դրույթների նշվի, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։

Այդ հարցով ԱԺ-ում հրավիրվեց արտահերթ նիստ, բայց իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարեց, որ նիստին չի մասնակցելու։

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստը, որը նախանշված էր ժամը 16։00-ին, քվորում չլինելու պատճառով հետաձգվեց 4 ժամով։ Նիստին գրանցվել էր 33 պատգամավոր։

ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` գրանցումը մնում է բաց ու շարունակվում մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավել, քան 4 ժամ։

4 ժամ անց քվորում չապահովելու դեպքում նիստը մեխանիկորեն հայտարարվում է չկայացած։ 4 ժամը լրանում է 20։00-ին։