Մոսկվայում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն

Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` մշակույթի օրերի շրջանակում Մոսկվայում ելույթ կունենան հայաստանյան երկու երաժշտական խմբեր։

Հունիսի 10-ին Չայկովսկու անվան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։ Իսկ հունիսի 11-ին Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փոքր դահլիճում նախատեսված է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի համերգը՝ Էդուարդ Թադևոսյանի ղեկավարությամբ։

Միջոցառումները նվիրված են Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։