Գուտերեշը կոչ է արել արագ փոխանակել «Ազովստալ»-ից գերեվարվածներին

ՄԱԿ-ը կողմ է Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ գերիների շտապ փոխանակմանը, ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ մեկնաբանելով Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում գերի հանձնվածների հետ կապված իրավիճակը։

Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ մամուլի ասուլիսում գլխավոր քարտուղարին հարցրել են, թե արդյոք «ՄԱԿ-ը կխաղա իր դերը գերիներին Ռուսաստանից դուրս բերելու հարցում»։ «ՄԱԿ-ը ներգրավված է եղել «Ազովստալ»-ից քաղաքացիական անձանց տարհանման գործում: ՄԱԿ-ը անմիջականորեն ներգրավված չի եղել զինվորականների տարհանման գործում, քանի որ դա մեր իրավասությունը չէ։ Այն, ինչ մենք պնդում էինք, գերիների հնարավորինս շուտ փոխանակման անհրաժեշտությունն էր, որպեսզի այս խնդիրը որոշակի ձեւով լուծվի»,- ասել է Գուտերեշը։

Ընդհանուր առմամբ, ըստ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տվյալների, մայիսի 16-ից զենքերը վայր է դրել եւ գերի հանձնվել ավելի քան 2400 մարդ՝ «Ազով»-ի գնդից եւ ուկրաինացի զինվորականներից, որոնք գործարանի տարածքում մոտ մեկ ամիս արգելափակված են եղել։