Ավետիք Չալաբյանը կմնա կալանքի տակ. փաստաբանների բողոքը մերժվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին կալանքից ազատելու մասին փաստաբանների բողոքը մերժեց։

Ըստ փաստաբանների՝ Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել առանց ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով, նա ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Հիշեցնենք, որ լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել, որտեղ լսվում է, որ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի, Լիլիթ Սարգսյանի և Ավետիք Չալաբյանի մասնակցությամբ քննարկվում է ակցիաներին ուսանողներին ներգրավելու հարցը։ Ըստ նախաքննության՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 միլիոն դրամ գումար: Փաստաբանները, սակայն, պնդում են, որ այդ ձայնագրությունն ակնհայտ մոնտաժված է։