Դատարանը Փաշինյանի դեմ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի բողոքը կքննի դռնփակ ռեժիմով

ՀՀ վերաքննիչ դատարանը նախագահությամբ` դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ մայիսի 25-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հոդվածով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը դռնփակ ռեժիմով քննելու որոշում կայացրեց։

Նշենք, որ նիստերի դահլիճում քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվել էր, երբ դատավոր Կարեն Բիշարյանը որոշում էր կայացրել նիստերի դահլիճից հեռացնել անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանին։ Արսեն Ղուկասյանը հայտարարել էր, որ զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին չեն կարող զրկել ձայնի իրավունքից, դատավորը հորդորել էր տեղից չխոսել, ապա դատական սանկցիա կիրառել՝ նրան դահլիճից հեռացնելու որոշում կայացնելով։ Վիճաբանություն ու քաշքշուկ էր սկսվել դատական կարգադրիչների և հարազատների միջև։

Հիշեցնենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

Դեռևս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստի առթիվ։

Ներկայացված հանցագործության մասին հաղորդմամբ Հակոբ Մարտիրոսյանը ներկայացրել է փաստական հանգամանքներ, որոնք առերևույթ վկայում են Նիկոլ Փաշինյանի կողմից թշնամի պետությանն օգուտ տալու մասին՝ ի վնաս ՀՀ-ի։

Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիտարկվել է որպես անգործություն և դատախազության անգործության դեմ փաստաբանը բողոք է ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը։ Դատարանի այս որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին։