ԱՄՆ դեսպանը կրկին այցելել է Սյունիք

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին կրկին այցելել է Սյունիքի մարզ և հանդիպել մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Ինչպես հայտնում է ՀՀ Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը, Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել պարբերաբար մարզ այցելելու, ինչպես նաև իրականացված ծրագրերի համար։

Լին Թրեյսին հանդիպման ժամանակ ասել է, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար և հավելել, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։

Ռոբերտ Ղուկասյանն էլ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով գյուղական համայնքներում կատարված աշխատանքների համար և ցանկություն հայտնել, որպեսզի դրանք շարունակելի լինեն։

Դիվանագետն ու մարզի ղեկավարը մի շարք հարցեր են քննարկել՝ ուղղված մարզի սոցիալ-տնտեսական, ճանապարհաշինական, գյուղատնտեսական, տնտեսության դիվերսիֆիկացման, կրթական, երիտասարդական հարցերին ու առհասարակ՝ Սյունիքի զարգացման ուղղություններին։

Դեսպանը կարևորել է հատկապես Սյունիքում զբոսաշրջության զարգացումը՝ նշելով, որ այս առումով մարզը մեծ ներուժ ունի, ու դա պետք է ներկայացնել մարդկանց։

Կողմերի միջև հետագա համագործակցությունը և փոխգործակցությունը շարունակելու պայմանավորվածություն է ձեռքբերվել։

Նշենք, որ Լին թրեյսին վերջին անգամ Սյունիք էր այցելել 2021թ–ի օգոստոսի 6–ին, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոնի հետ։