Ինչ է սպասվում մեզ առջևում ըստ աշխարհի առավել տեղյակ պաշտոնյաներից մեկի

Կծագեն տարածաշրջանային նոր ռազմական հակամարտություններ, հավանական վայրերից մեկն Արցախն է, ավելին` մեր տարածաշրջանը

 

Ինչ է սպասվում մեզ առջևում, ոչ թե, ասենք, 100 կամ 50 տարի հետո, այլ մոտ կամ նույնիսկ շատ մոտ ապագայում…

Կանխատեսումներ անելն, ընդհանրապես, անշնորհակալ գործ է, բայց այն, ինչ կներկայացնենք ստորև, դրա հեղինակը` ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, հանրությանը չի ներկայացրել որպես կանխատեսում, հակառակը` Telegram-ի իր ալիքում երեկ կատարած գրառման վերնագրի դիմաց, փակագծերոմ հատուկ նշել է` ընդհանրապես կանխատեսում չէ:

Մեդվեդևը հիշյալ նշումով ակնարկել է, որ իր կողմից ներկայացվող իրադարձությունները և իրավիճակները, որոնք առաջիկայում սպասվում են աշխարհում, բխում են Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը հայտնի որոշակի փաստերից և որոշ դեպքերում գրեթե անխուսափելի են, որոշ դեպքերում` անխուսափելի: Նկատենք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալն, ի պաշտոնե, աշխարհի առավել տեղեկացված ու տեղյակ պաշտոնյաներից մեկն է:

«Կփլուզվեն ապրանքների մատակարարման մի շարք համաշխարհային շղթաներ, հնարավոր է մեծ լոգիստիկ ճգնաժամ, ներառյալ` օտարերկրյա ավիաընկերությունների գործունեության փլուզումը, որոնց արգելված է թռիչքներ կատարել Ռուսաստանի տարածքով»,- «Ի՞նչ կլինի առաջիկայում, կամ աշխարհը հակառուսական պատժամիջոցներից հետո» վերտառության ներքո գրել է  Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում:

Այս ամենը միանգամայն տրամաբանական ու սպասելի է. օտարերկրյա ավիաընկերությունների ինքնաթիռները Ռուսաստանի տարածքով թռչել չկարողանալու պատճառով, այսօր իրենց չվերթներն իրականացնում են այլընտրանքային, բայց երկար ու թռիչքի հետ կապված ծախսերը (վառելիք և այլն) հաճախ էապես ավելացնող ճանապարհներով:

Բնականաբար, ավելացել ու դեռ ավելանալու են նաև բեռների ու մարդկանց տեղափոխման համար պահանջվող գումարները: Նույնը վերաբերվում է նաև ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռներին, որոնց արգելված է թռիչքներ կատարել արևմտյան երկրների օդային տարածքներով:

Տեղափոխման ծախսերի աճի պատճառով բազմաթիվ ապրանքների գները կաճեն այնքան, որ էապես կազդեն դրանց սպառման ծավալների վրա: Սպառման ծավալների նվազման պատճառով այլևս անիմաստ կդառնա այդ ապրանքների գնումը ու տեղափոխումը. կփլուզվեն ապրանքների մատակարարման մի շարք համաշխարհային շղթաներ, լոգիստիկ մեծ ճգնաժամը կդառնա գրեթե անխուսափելի:

Շարունակելով գրեթե անխուսափելի և անխուսափելի իրադարձությունների և իրավիճակների թվարկումը, Մեդվեդևը գրել է.

«2. Էներգետիկ ճգնաժամը կուժեղանա այն երկրներում, որոնք «կրակում են իրենց սեփական ոտքերին»` ռուսական էներգակիրների մատակարարման վրա պատժամիջոցներով, հանածո վառելիքի գների հետագա աճը կշարունակվի, աշխարհում թվային տնտեսության զարգացումը կդանդաղի։

  1. Լիարժեք միջազգային պարենային ճգնաժամ կգա` առանձին պետություններում սովի հեռանկարով:
  2. Որոշ երկրներում կամ երկրների համայնքներում հնարավոր է արժույթա- ֆինանսական ճգնաժամ` կապված է մի շարք ազգային արժույթների կայունության խախտման, թռիչքային գնաճի և մասնավոր սեփականության պաշտպանության իրավական համակարգի ոչնչացման հետ:
  3. Կծագեն տարածաշրջանային նոր ռազմական հակամարտություններ այն վայրերում, որտեղ իրավիճակը երկար տարիների ընթացքում խաղաղ լուծում չի գտնում կամ անտեսվում են միջազգային խոշոր խաղացողների էական շահերը»։

Նկատենք, որ այդ վայրերից մեկն Արցախն է` Ադրբեջանի հնարավոր սադրանքի արդյունքում մի կողմից թուրք- ադրբեջանական տանդեմի, մյուս կողմից Արցախի, Հայաստանի և Ռուսաստանի միջև տարածաշրջանային պատերազմի բռնկմամբ:

Կարծում ենք, նոր ռազմական հակամարտությունների հավանական օջախների ցանկում են նաև Սիրիան (հատկապես Իդլիբում Թուրքիայի զինված ուժերի և Սիրիական բանակի հնարավոր բախմամբ ու դրանում ՌԴ ԶՈւ ընդգրկմամբ), Մերձդնեստրն ու Մոլդավան (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ուկրաինայի կամ Ռումինիայի հնարավոր սադրանքի հետևանքով), Պաղեստինյան ինքնավարությունը (Իսրայելի ախորժակի ընդլայնման և համաշխարհային քաղաքականության մեջ ՌԴ դերակատարությունն արհամարհելու արդյունքում), բացառված չէ` նույնիսկ Իրանը (ընթացիկ բանակցություններում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության չգալու դեպքում Իրանի վրա Իսրայելի հարձակմամբ):

«6. Կակտիվանան ահաբեկիչները` կարծող, որ արևմտյան իշխանությունների ուշադրությունն այսօր շեղված է Ռուսաստանի հետ «ռազբորկայի» վրա»,- գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը:

Հասկանալի է, որ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը նկատի ունի արևմտյան երկրների դեմ ահաբեկչությունների պատրաստ իսլամիստական ահաբեկչական կազմավորումներին, իսկ Ուկրաինայի կողմից Ռուսաստանում ահաբեկչությունները, դրանց փորձերն արդեն իսկ ակտիվացել են, կասկածներ կան, որ դրանց մասնակից է նաև Արևմուտքը:

«7. Կսկսվեն նոր համաճարակներ՝ առաջացած սանիտարահամաճարակային ոլորտում ազնիվ միջազգային համագործակցության մերժմամբ կամ կենսաբանական զենքի կիրառման ուղղակի փաստերով»,- զգուշացրել է Մեդվեդևը։

Կենսաբանական զենքի կիրառման վտանգը, իրոք, բավական մեծ է: Կասկած չունենք, որ նոր կորոնավիրուսի առաջացումը ոչ թե բնության, այլ մարդու ձեռքի գործն էր, մինչդեռ կարող են միտումնավոր բաց թողնվել առավել վարակիչ և առավել բարձր մահացության հանգեցնող վիրուսներ: Օրերս արդեն մի հրապարակմամբ  անդրադարձել ենք այդ թեմային:

Շարունակենք թարգմանաբար ներկայացնել ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի գրառումը.

«8. Կլինի անկում միջազգային ինստիտուտների գործունեության, որոնք չկարողացան ապացուցել իրենց արդյունավետությունն Ուկրաինայում իրավիճակի կարգավորման ընթացքում, ինչպիսին, օրինակ, Եվրոպայի խորհուրդն է։

  1. Կձևավորվեն երկրների նոր միջազգային դաշինքներ՝ հիմնված պրագմատիկ, այլ ոչ թե անգլո-սաքսոնական գաղափարական չափանիշների վրա։
  2. Արդյունքում կստեղծվի անվտանգության նոր ճարտարապետություն, որտեղ դե ֆակտո, ապա դե յուրե կճանաչվեն առկա իրողությունները. ա) «կարգեր՝ հիմնված կանոնների վրա» տիպի միջազգային հարաբերությունների արևմտականացված հայեցակարգերի և այլ անիմաստ արևմտյան անպետքությունների թուլությունը, բ) ամերիկակենտրոն աշխարհի գաղափարի փլուզումը, գ) համաշխարհային հանրության հարգանքի առկայությունն այն երկրների շահերի, որոնք գտնվում են արևմտյան աշխարհի հետ հակասությունների սուր փուլում»:‰

Հավելենք, որ Մեդվեդևի այս գրառումը հաստատում է մեր կանխատեսումը` ներկայացված դեռ 25.12.2021թ.- 23.03.2022թ. ընթացքում հրապարակված  «2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ» հոդվածաշարով:

 

Արթուր Հովհաննիսյան