Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Նիդերլանդներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ին ժամանել է Նիդերլանդների Թագավորություն: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը Նիդերլանդներում է երկօրյա պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդներ:

Հայաստանն ու Նիդերլանդներն այս տարի նշում են երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

Խրոնինգենի միջազգային օդանավակայանում նրան դիմավորեցին Դրենթե նահանգում թագավորի հանձնակատար Յետա Կլայնմսման, Ասենի քաղաքապետ Մարկո Աուտը, Թինարլոյի քաղաքապետ Մարսել Թայսենը, Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ արարողակարգի ղեկավար Դոմինիկ Քրուլինգը: