Փաշինյանը պաշտոնական այցով մեկնում է Նիդերլանդների Թագավորություն․ հանդիպումների օրակարգը հայտնի է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-11-ին երկօրյա պաշտոնական այց կկատարի Նիդերլանդների Թագավորություն:

Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Նիդերլանդների թագավորության  վարչապետ Մարկ Ռութեի, Նիդերլանդների Սենատի նախագաh Յան Անտոնի Բրաունի և Ներկայացուցիչների պալատի նախագահ Վերա Բերգկամպի հետ:

Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Խորհրդարանի երկու պալատների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամների հետ: Նախատեսվում է նաև վարչապետի հանդիպումը Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը կմասնակցի «Արարատի ստվերի ներքո. Հին Հայաստանի գանձերը» ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Վարչապետը շրջայց կկատարի Խաղաղության Պալատում և վերջինիս այգում կմասնակցի Միջազգային խաղաղությանը Հայաստանի ներդրումը խորհրդանշող հայկական խաչքարի բացման արարողությանը:

Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Միջազգային հարաբերությունների  նիդերլանդական ինստիտուտ՝ Քլինգենդայլ: ՀՀ վարչապետը Միջազգային հարաբերությունների նիդերլանդական ինստիտուտում հանդես կգա «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն – 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ: