Բաքվում նորից խոսել են Տավուշի և Արարատի մարզերի 7 գյուղերը «վերադարձնելու» մասին
Բրյուսելյան հանդիպման արդյունքներով հայկական կողմը խաղաղության համաձայնագրի և սահմանազատման գործընթացի համար համաձայնություն է տվել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։
«Ղազախի (Տավուշի,-խմբ․) և Քյարքիի (Արարատի,-խմբ․) 7 գյուղերի վերադարձը կիրականացվի սահմանագծման գործընթացի պահանջին համապատասխան»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը, տեղեկացրել է APA-ն։
Խալաֆովը նշել է, որ «Ադրբեջանի կազմ այդ տարածքների վերադարձի հետ կապված հարցը լուծվելու է անցկացվող բանակցությունների արդյունքում»։
«Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները Ադրբեջանի տարածք չեն։ Այդ տարածքներն Ադրբեջանի տարածքներն են։ Քանի որ այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի կազմ պահանջում է սահմանագծման գործընթացը, հարցը կդիտարկվի այդ շրջանակում։ Այդ տարածքների վերադարձն Ադրբեջանի կազմ կքննարկվի և լուծում կստանա»,- համոզված է փոխարտգործնախարարը։