Հարավային Օսիան Ռուսաստանին միանալու համար հանրաքվեն կկայանա. Բիբիլով

Հարավային Օսիան Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեն տեղի կունենա, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հանրապետության ներկայիս նախագահ Անատոլի Բիբիլովը այն բանից հետո, երբ ճանաչել է իր հակառակորդ Ալան Գագլոևի հաղթանակը հանրապետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլում։

«Լինելու է հանրաքվե»,- ասել է նա։

Բիբիլովը նշել է, որ հանրաքվեի բոլոր փաստաթղթերը հավաքվել և ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Նրանք (ԿԸՀ) պետք է այս ամենը դիտարկեն, հետո ներկայացնեն Գերագույն դատարան ու որոշեն օրը»,- հավելել է նա։

Հարավային Օսիայի ԿԸՀ-ի տվյալներով՝ արձանագրությունների 18%-ի մշակումից հետո երկրորդ փուլում Գագլոևը հավաքել է ձայների 59,22%-ը, իսկ Բիբիլովը՝ 37%-ը։ Բիբիլովն արդեն ընդունել է ընտրություններում պարտությունը և Գագլոևին մաղթել հաջող աշխատանք։

Ավելի վաղ Հարավային Օսիայում հայտարարել էին, որ հանրապետության նախագահական ընտրություններից որոշ ժամանակ անց նախատեսվում է հանրաքվե անցկացնել Ռուսաստանի հետ նրա միավորման վերաբերյալ։ Բիբիլովը միավորումն անվանել է Հարավային Օսիայի ժողովրդի «ռազմավարական նպատակ»։