«Դիմադրության» շարժումը ուղղված է հենց Եռատոնը, նախկին ոգին ու հաղթանակները վերականգնելուն․ Սեյրան Օհանյան

Տարիներ առաջ իրականացվեց «Հարսանիք լեռներում» օպերացիան՝ Շուշիի ազատագրման համար, այն պատմական էր մեզ համար, այն մեկ անգամ ևս ցույց տվեց, որ հայ ժողովրդի ոգին անկոտրում է, սրանով նաև հիմք ստեղծվեց Հայաստանի և Արցախի ցամաքային կապի միացմանը, հետագա գործողությունները բերեցին նրան, որ Արցախի միացավ Մայր Հայաստանին: Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարի խոսքով՝ «Հարսանիք լեռներում»-ը ռազմական առումով մեծ նշանակություն ունեցող օպերացիա էր, որը հիմք հանդիսացավ համազգային ոգևորության հետագա հաղթանակների՝ Հայաստանի և Արցախի միացման համար.

«44-օրյա պատերազմից հետո Եռատոնը խլեցին մեզանից, բայց այս ամենից պետք է հետևություններ անել, դասեր քաղել, իսկ ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը տեղափոխել ռազմական ռելսերի վրա, խորհրդարանը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել, չեն կարողացել պետական համակարգերը համախմբել, բավական թերություններ է եղել նաև իրավական ոլորտում, դատաիրավական համակարգի մոտ չի եղել վճռականություն՝ կարգուկանոն և օրինականություն հաստատելու համար: Այս ամենից պետք է մեր ժողովուրդը դասեր քաղի, եթե գործող իշխանությունը չի ցանկանում դասեր քաղել, ապա ժողովուրդն իր համախմբվածությամբ պետք է ստիպի իշխանություններին՝ դասեր քաղել, չանելու դեպքում՝ հեռացնի նրանց »,-ասաց Օհանյանը՝ նշելով, որ «Դիմադրության» շարժումը ուղղված է հենց Եռատոնը, նախկին ոգին ու հաղթանակները վերականգնելուն։

«Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ իշխանությունները գտնվում են միջազգային ճնշման տակ և շարունակում են «պարտությունների շղթան փաթաթել հայ ժողովրդի վզին».

«Ասում են, որ մենք պետք է գնանք խաղաղության այն պետությունների հետ, որոնք շարունակում են մեզ համար լինել հակառակորդ՝ իրենց հայատյացությամբ, ռազմական հռետորաբանությամբ և սադրանքներով, իսկ կուրորեն գնալ և նրանց ենթարկվել, նշանակում է շարունակել պարտությունների շղթան»,-լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը: