Մենք իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը, մոռանալ մեր պապերի սխրանքը. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին Երևանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը և Հայաստանում հավատարմագրված Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի ու Թուրքմենստանի դեսպանները: Այս մասին հայտնում է 1Lurer.am-ը։

Դիվանագետները ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, որի մոտ՝ եղբայրական գերեզմանում, ամփոփված են Հայրենական պատերազմում զոհվածների մասունքները:

«Սա պարզապես պետական տոն չէ, այն նաև ընտանեկան տոն է, որովհետև, հավանաբար, չկա Հայաստանում, Ռուսաստանում, նախկին Խորհրդային Միության մյուս երկրներում ընտանիք, որն այս կամ այն կերպ չի բախվել պատերազմին, դրա հետևանքներին: Ամեն տեղ կան վետերաններ, հերոսներ, և շատ կարևոր է, որ այդ իրադարձությունների հիշողությունը փոխանցվի սերնդեսերունդ:

Մենք իրավունք չունենք մոռանալու պատմության դասերը, մենք իրավունք չունենք մոռանալ մեր պապերի սխրանքը, որոնք այս հաղթանակի համար տվել են իրենց ամենաթանկը»,- ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: