Սիրիան հաղթել է միջազգային պատերազմում. ԻԻՀ առաջնորդ

Կիրակի օրը, Սիրիայի նախագահի և նրան ընկերակցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով քաղաքական և ռազմական դաշտում Սիրիայի արձանագրած մեծ հաջողություններին, Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է. «Այսօրվա Սիրիան պատերազմին նախորդող Սիրիան չէ: Թեև այն ժամանակ ավերածություններ չկային, բայց այսօր Սիրիայի հեղինակությունն ու հարգանքն ավելի մեծ է, քան անցյալում, և բոլորն այս երկիրը համարում են հզոր ուժ»: Գրում է parstoday.com-ը:

Ընդգծելով, որ այսօր Սիրիայի նախագահը և ժողովուրդն իրենց հպարտ են զգում տարածաշրջանի ժողովուրդների մոտ, Այաթոլլահ Խամենեին հավելել է. «Տարածաշրջանի որոշ պետությունների ղեկավարներ շփում ունեն Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարների հետ և միասին սուրճ են խմում, սակայն նույն երկրների ժողովուրդները Ղոդսի համաշխարհային օրը փողոց են դուրս գալիս և հակասիոնիստական ​​կարգախոսներ վանկարկում, և սա է տարածաշրջանի այսօրվա իրականությունը»։

Հարգելով նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակը՝ ԻԻՀ գերագույն առաջնորդն  ասել է. «Այս մեծ նահատակը հատուկ մոտեցում ուներ Սիրիայի նկատմամբ և բառիս բուն իմաստով զոհաբերություն էր ցուցաբերում, և Սիրիայում նրա քայլերը ոչնչով չէին տարբերվում Իրանի 8-ամյա սրբազան պաշտպանության տարիներին իրականացրած քայլերից»։

Գնահատելով Իրանի ժողովրդի և կառավարության դիրքորոշումներն ու աջակցությունը, ինչպես նաև մեծարելով նահատակ Սոլեյմանիի հիշատակը՝ Սիրիայի նախագահը ասել է, «Անցած չորս տասնամյակներում Իրանի հաստատակամությունն ու կայուն դիրքորոշումները տարածաշրջանային, հատկապես Պաղեստինյան հարցում, տարածաշրջանի ողջ ժողովրդին ցույց տվեցին, որ Իրանի ճանապարհը ճիշտ և սկզբունքային  է»։

Բաշար Ասադը հավելել է. «Պատերազմի ավերակները կարելի է վերակառուցել, բայց եթե հիմքերն ու սկզբունքները քանդվեն, դրանք չեն կարող վերակառուցվել, իսկ Իմամ Խոմեյնիի  սկզբունքների վրա հիմնված Իրանի ժողովրդի դիմադրությունը, որը շարունակվել է Այաթոլլահ Խամենեիի առաջնորդությամբ, ենթահող ստեղծեց Իրանի ու տարածաշրջանի ժողովուրդների, հատկապես Պաղեստինի ժողովրդի մեծ հաղթանակների  համար»:

«Ոմանք կարծում են, թե  Դիմադրության ճակատին Իրանի աջակցությունը սպառազինական աջակցությունն է, մինչդեռ Իսլամական Հանրապետության ամենակարևոր աջակցությունն ու օգնությունը դիմադրությանը ոգով ներշնչելն է և դրա  հարատևումը: Իրանի ու Սիրիայի ռազմավարական հարաբերությունների արդյունքում սիոնիստական ​​ռեժիմը չկարողացավ իշխել տարածաշրջանում»,- հստակեցրել է Սիրիայի նախագահը: