Գործն ընդունվել է վարույթ, քննչական վարչությունում ծանոթանում են․ Քյարամյանը Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին

Չնայած այն հանգամանքին, որ Շուշին այսօր օկուպացված է, մենք նշում ենք Եռատոնը, որովհետև այն պատմական իրողությունները, որոնք տեղի են ունեցել, մեզ համար տոներ են, այդ թվում՝ Շուշիի ազատագրումը։ Այս մասին «Հաղթանակի» զբոսայգի այցելության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական գործում Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելուն անդրադառնալով՝ Քյարամյանը պատասխանեց․ «Այդ գործը կարճ ժամանակ առաջ Դատախազության մոտեցմամբ տեղափոխվել է Քննչական կոմիտե, ընդունվել է վարույթ, այժմ զինվորական քննչական վարչությունում ծանոթանում են, պետք է ծանոթանանք, ըստ այդմ էլ կընթանա գործի քննությունը։ Գործի հետ կապված այլ բան չեմ կարող ասել։ Որպես իրավաբան ես կարող եմ հետևյալն ասել՝ գործը պետք է քննվի օբյեկտիվ և բազմակողմանի։ Քննության ընթացքում պետք է պարզաբանվեն բոլոր պարզաբանման ենթական հանգամանքները»։