Անդրանիկ Փիլոյանը կշարունակի մնալ կալանավորված․ Փաստինֆո

ՀՀ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը կշարունակի մնալ կալանավորված: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ բողոքը: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մարտի 31-ին բավարարել է երկու ամսով Փիլոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Առաջին ատյանի դատարանը կալանավորման հիմքերից հաստատված էր համարել գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը, այն է՝ կարող է անօրինական ազդեցություն ունենալ այլ մասնակիցների վրա, ինչը պաշտպանը համարում է անհեթեթ ու վիճարկել վերաքննիչ բողոքով: Պաշտպանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանը մերժել է բողոքն այն դեպքում, երբ իր պաշտպանյալը չէր կարող ազդեցություն ունենալ ո՛չ ԱԱԾ-ի, ո՛չ դատախազության, ոչ էլ՝ նախաքննական մարմնի վրա, որովհետև կալանավորման միջնորդության շրջանակներում ներկայացված գործի նյութերում եղել են միայն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ, ինչի վրա Փիլոյանը չէր կարող ազդել, եղել են խուզարկության արդյունքներ, ինչը փոխել չէր կարող, տվյալ փուլում ոչ մի հարցաքննված անձ չէր եղել, իսկ նրանք, որոնք հարցաքննված են եղել, կալանավորված են:

Փաստաբանի խոսքով՝ եղել է նաև դատախազության ցանկությունը, որովհետև նախաքննական մարմինը դեռևս մարտի 28-ին գտել էր, որ կարելի է Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ չհեռանալու մասին, բայց դատախազությունը գտել է, որ անհրաժեշտ է կալանավորել: Ինչ վերաբերում է ձեռք բերված օպերատիվ տվյալներին, ապա փաստաբանը գտնում է, որ դրանք բավարար չեն անձին մեղադրանք առաջադրելու համար: Նրա խոսքով՝ անձին մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցներ են պետք, մինչդեռ հայաստանյան իրականության մեջ ի սկզբանե եղել է, որ կարելի է հենց այնպես մարդուն մեղադրանք առաջադրել՝ կալանավորելու համար: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոք չի ներկայացվի, սակայն առաջին ատյանի դատարան միջնորդություն կներկայացվի՝ Փիլոյանի նկատմամբ գրավ կիրառելու մասին, թեև պաշտպանն առանձնապես ակնկալիքներ չունի: Ինչ վերաբերում է Փիլոյանի մասնակցությամբ քննչական գործողություններին, ապա Փիլոյանին փորձել են հարցաքննել, վերջինս մեղադրանքը չի ընդունել, իսկ այս ընթացքում նրա մասնակցությամբ նոր քննչական գործողություններ չեն եղել:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։ Դրանից երկու օր առաջ՝ մարտի 28-ին, ՀԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել ԱԻՆ-ում, ընդ որում՝ թիրախում եղել է նախարարի խորհրդականի աշխատասենյակը։ Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/՝ խոշոր չափերով կաշառք ստանալու հատկանիշներով: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Եվս 8 անձի, այդ թվում Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ 38-311-րդ, 3112-րդ, 313-րդ, 178-րդ, 38-308-րդ և 34-308-րդ հոդվածների տարբեր մասերով: Հետագայում, սակայն, մեղադրյալների թիվն ավելացել է, այժմ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է 20 անձ։ 20 մեղադրյալներից 6-ը, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը, կալանավորված են, մյուսները ստորագրությամբ ազատ են արձակվել: