Բեռլինում ռուս լրագրողների դեմ ահաբեկչության փորձ է կանխվել

Բեռլինում կանխվել է ռուս լրագրողների և նրանց ընտանիքների դեմ հնարավոր ահաբեկչությունը:

Գերմանիայում Ռուսաստանի դեսպանատան տվյալներով՝ մայիսի 6-ի կեսօրին փողոցից նետված շշով ջարդել են տան բնակարաններից մեկի պատուհանը, որտեղ գտնվում էին լրատվամիջոցների աշխատակիցները։ Տան զննության ժամանակ կասկածելի առարկա է հայտնաբերվել՝ կազմված հեղուկով լցված մեծ տարայից, ինչպես նաև պլաստմասե շշից և գազի բալոնից, որի վրա ժապավենով ամրացված էին մետաղալարեր։

«Գերմանացի իրավապահները շտապ տարհանել են բնակիչներին, կանչել հրշեջ ծառայություն և սակրավորներին։ Վերջիններս հաստատել են, որ իրը ենթադրաբար ինքնաշեն պայթուցիկ է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այնուհետև դիվանագետները նոտա են հղել Գերմանիայի ԱԳՆ՝ հետաքննություն անցկացնելու պահանջով։ Բեռլինի ոստիկանությունից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ հետաքննությունն արդեն ընթացքի մեջ է՝ ներգրավված են դատախազությունն ու պետական անվտանգության վարչությունը։

ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ սպասում է ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԵԱՀԿ-ի անաչառ գնահատականին։