Ո՞ր տարածաշրջանին է հավակնում Թուրքիան՝ անդրադառնալով Կարսի պայմանագրին

Կարսի պայմանագրով, ի տարբերություն Մոսկվայի պայմանագրի, այսօրվա վայոցձորյան շուրջ 10 գյուղ ու գյուղատեղի թողնվել է Նախիջևանի կազմում։ Այս մասին երեկ երեկոյան Ֆրանսիայի հրապարակում կայացած քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

«Այդ գյուղերն են՝ Խաչիկը, Մարտիրոսը, Սերսը,  Նոր Ազնաբերդը, Բարձրունի, որոնք սարերից այս կողմ են մնացել, և Մոսկվայի պայմանագրով եղել են ՀԽՍՀ կազմում, իսկ Կարսով՝ հանձնվել Ադրբեջանին։ Սակայն քանի որ այդ գյուղերում արդեն հայկական հեղկոմներ էին ձևավորվել, մարդիկ արդեն ապրում էին և տեր էին իրենց հողին՝ հիշյալ բնակավայրերը չանցան թշնամուն, թեև Կարսի պայմանագրով նախատեսված էր։ Հիմա Թուրքիան կարող է նորից անդրադառնալ այդ հարցին, քանի որ դելիմիտացիան փաստաթղթերով է արվում, ինչը առկա է»,- ասաց Էլբակյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Թուրքիան անպայման անդրադառնալու է Կարսի պայմանագրին, երբ Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների արդյունքում կնքվի վերջնական «խաղաղության պայմանագիրը», կբավարարվեն թշնամու բոլոր նախապայմանները։

«Այս մասին պետք է մարդկանց իրազեկել, բարձրաձայնել և սա խուճապ տարածել չէ, թշնամու ջրաղացին ջուր լցնել չէ։ Հակառակը, եթե թշնամին ուզում է իր համար մի լավ բան անել, ինքը դա թաքուն է անում, իսկ երբ իր նպատակի մասին կանխավ իմանալով կամ վերլուծելով բարձրաձայնում են  ինչ-որ չափով խափանվում է թշնամու ուզածը»,- նշեց քաղաքագետը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ այս մասին պետք է բարձրաձայնել և առաջին հերթին այդ գյուղերի բնակիչներին բացատրել, իրազեկել սպասվող իրական վտանգի մասին։

Մանրամասն՝ տեսանյութում