Արթուր Վանեցյանն ԱԳՆ աշխատակիցներին ևս հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ

Հեռուստատեսությամբ, համակարգչով, հեռախոսով մեզ հետևող հարգելի քաղաքացի, միացիր այս պահին հանրապետության տարբեր տեղերում իրականացվող անհանզանդության խաղաղ ակցիաներին: Երևանի կենտրոնական փողոցներում բողոքի երթի ժամանակ հատարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Նրա առաջնորդած երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Աբովյան փողոցով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ՝ վանկարկելով «Միացեք», «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան»։

Պատուհաններից, պատշգամբներից երթին հետևող քաղաքացիներին Արթուր Վանեցյանը կոչ արեց մի կողմ թողնել բոլոր գործերն ու 15։30 լինել Ֆրանսիայի հրապարակում, քանի որ «սա հայկականության պահպանության, արժանապատվության, հայ մնալու  պայքար է»։

Վազգեն Սարգսյան փողոցով անցնելիս Վանեցյանն առաջարկեց կանգ առնել ԱԳ նախարարության շենքի դիմաց. «Այս օրերին պետականամետ շատ դիվանագետներ իրենց աջակցությունն են հայտնել համաժողովրդական շարժմանը։ Եկեք, ողջունենք նրանց»,-ասաց Վանեցյանը, ինչին հետևեցին բարձր ծափահարություններ։

Նա ԱԳՆ աշխատակիցներին ևս հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։

Նշենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները կրկին կաթվածահար են արել մայրաքաղաքի մի շարք փողոցներ: Մասնավորապես, առավոտից փակվել են Կիևյան կամուրջը, Հաղթանակի կամուրջը, Դավիթաշենի կամուրջը, Դեպի Գայի պողոտա տանող ճանապարհը՝  Բուսաբանական այգու մոտ գտնվող կամուրջը։ Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում՝ բռնի ուժ կիրառելով։ Նախօրեին ճանապարհներ են փակվել նաև մարզերում, մասնավորապես, փակվել է Սևան-Երևան, Վանաձոր-Երևան, Գյումրի-Երևան, նաև Գորիսից Երևան եկող ճանապարհները: