Հղի կնոջը վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը պարտավոր էր կանգնել և օգնություն ցույց տալ. ՄԻՊ

Հանրային մեծ հնչեղության արժանացած վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ դեպքը ողբերգական է, և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հետևելու է գործընթացին և հետամուտ է լինելու, որ մեղավոր անձը ենթարկվի պատասխանատվության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Քանի որ քրեական օրենսգրքով նախատեսված արարք է իրականացվել, որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ մենք հենց նույն օրը գրություն ենք ուղարկել գլխավոր դատախազություն կոնկրետ գործընթացի մանրամասներին տեղեկանալու և նաև այս հարցը մեր հսկողության ներքո պահելու համար»,- ասաց պաշտպանը:

«Լինելով մարդ, ով մանրամասն զբաղվել է նաև ոստիկանության բարեփոխումներով, և հատկապես շատ ենք անդրադարձել հենց այդ ուղեկցող ծառայությունների առանձնահատկություններին ֆունկցիոնալության տեսակետից, պետք է ասեմ, որ ամբողջ աշխարհում ուղեկցող ծառայությունների գործառույթը շատ դեպքերում չընկալվածության խնդիր ունի: Բայց կոնկրետ դեպքում ցավալի էր տեսնել, որ ուղեկցող ծառայությունը ուղղակիորեն չի կանգնում, երբ նման դեպք է տեղի ունենում: Սա որևէ արարողակարգով կամ կանոնով կարգավորված չէ: Առնվազն մինիմալ հումանիզմ է, որ առաջին հերթին պետք է օգնություն ցույց տալ և հնարավորության դեպքում կնոջ ու երեխայի կյանքը փրկել: Ցավալի է նաև, որ շատ դեպքերում մեր հանրային խոսույթում չհարգվեց այդ ընտանիքի զգայունությունը, և այն դարձավ հանրային քննարկման թեմա, ինչը շատ ցավալի է»,-ասաց Քրիստիննե Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ ուղեկցող ծառայության ֆունկցիոնալությանն ու պատրաստվածությանը պետք է անպայման անդրադառնան ընթացող բարեփոխումների շրջանակներում. «Ես ինքս նույնպես բարձրացնելու եմ այս հարցը, որովհետև սա լուրջ մարտահրավեր է»,-եզրափակեց պաշտպանը: