Վաշինգտոնին մնացել է 250 մլն դոլար՝ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու համար. Սպիտակ տան մամուլի խոսնակ

ԱՄՆ վարչակազմը կարող է ծախսել միայն 250 միլիոն դոլար Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար, սա այնքան է, ինչ մնացել է այս տարվա մարտին Կոնգրեսի կողմից այդ նպատակով հատկացված 3,5 միլիարդ դոլարից։ Այս մասին հինգշաբթի լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես գիտեք, մենք ունեինք 3,5 միլիարդ դոլար անվտանգության աջակցություն, որից մնացել է մոտ 250 միլիոն դոլար: Իհարկե, մենք կաշխատենք արագացնել և դա տրամադրել ուկրաինացիներին, բայց որպեսզի շարունակենք օգնել նրանց՝ անհրաժեշտ զենքերը ձեռքբերելու համար, անհրաժեշտ է շտապել (Կոնգրեսում) այս ֆինանսավորման հարցով», – ասել է նա: Ճեպազրույցի սղագրությունը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը դիմում էր ներկայացրել ԱՄՆ Կոնգրեսին՝ լրացուցիչ 33 միլիարդ դոլար տրամադրելու Ուկրաինային՝ անվտանգության, տնտեսական և հումանիտար օգնության համար: Ինչպես պարզաբանել են Սպիտակ տանը, այդ նպատակների համար մարտին Կոնգրեսի կողմից հաստատված գրեթե բոլոր միջոցները ծախսվել են։ Այս առնչությամբ նոր հարցում է ուղարկվում օրենսդիրներին.

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն ավելի վաղ զգուշացրել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինայի ռազմականացումը ուղղակիորեն սպառնում է եվրոպական և համաշխարհային անվտանգությանը։ Ինչպես նշել է դիվանագետը, Մոսկվան կոչ է անում Կիևի ռեժիմի հովանավորներին դադարեցնել արյունահեղության խրախուսումը և լրջորեն մտածել իրենց գործունեության հետևանքների մասին։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։