Երբ արդեն գրկումս էր, ձեռքերս դողում էին. Դեբեդն ընկած Արևիկին փրկած քաղաքացուն ԱԻՆ նախարարը պարգևատրել է

Արմեն Փամբուխչյանը Դեբեդ գետն ընկած 2-ամյա Արևիկին փրկած քաղաքացուն` Ժիրայր Պողոսյանին, ցուցաբերած արիության, խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում քաղաքացիական պարտքը կատարելու համար պարգևատրել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով, նա  արժանացել է նաև դրամական պարգևի։

Ճանապարհային շինարարությամբ զբաղվող Ժիրայր Պողոսյանը չի բացառել, որ գուցե ապագայում որոշում կայացնի համալրել փրկարար ծառայողների շարքերը: Հիմա մի բան է անհանգստացնում՝ երեխայի առողջական վիճակը:

«Գնացել եմ երեխային օգնելու նպատակով: Միակ բանը, որ մտածում էի՝ նրան փրկելն էր: Երբ արդեն գրկումս էր, ձեռքերս դողում էին, թե ինչպես եմ մեքենա վարել՝ չգիտեմ: Պարտք էր, որ կատարեցի: Հիմա միայն երեխայից լավ լուրի եմ սպասում. այսօր կամ վաղն անպայման կայցելեմ նրան»,– նշել է Պողոսյանը: