Բորիս Ջոնսոնի խոսքերը Ռուսաստանի հաղթանակի մասին «կզայրացնի Ուկրաինային». The Financial Times

Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի խոսքերը հակասում են Մեծ յոթնյակի «միասնական ճակատին», գրում է The Financial Times-ը։

Ավելի վաղ Ջոնսոնը խոստովանել էր Ռուսաստանի հաղթանակի իրատեսական հնարավորությունը։ «Ցավալի է, որ դա իրատեսական հնարավորություն է, իհարկե», – ասել է վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Ուկրաինայում հատուկ գործողությունը մինչև տարեվերջ երկարաձգելու հնարավորության և Ռուսաստանի հաղթանակի մասին արևմտյան հետախուզական գործակալությունների գնահատականները։

Ըստ The Financial Times-ի՝ Ջոնսոնի խոսքերը հակասում են իր իսկ հռետորաբանությանը. ընդամենը մի քանի շաբաթ առաջ նա վստահություն էր հայտնել, որ  Ուկրաինան «կհաղթի»։ Ինչպես նաև, ըստ հրապարակման, վարչապետի հայտարարությունը հակասում է «Մեծ յոթնյակի» «միասնական ճակատին»։

Բացի այդ, ինչպես հայտնում է թերթը, ԵՄ անանուն բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Ջոնսոնի արտահայտությունը  «կզայրացնի Կիևին»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։