ՌԴ ԱՆ-ը լրագրողներ Վենեդիկտովին, Նևզորովին և Պարխոմենկոյին հայտարարել է օտարերկրյա գործակալներ

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը լրագրողներ Ալեքսեյ Վենեդիկտովին, Ալեքսանդր Նևզորովին և Սերգեյ Պարխոմենկոյին ներառել է ԶԼՄ-օտարերկրյա գործակալների ռեգիստրում։ «Գազետո. ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին նշվում է նախարարության կայքում։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն օտարերկրյա գործակալի գործառույթներ իրականացնող արտասահմանյան ԶԼՄ-ների ռեգիստրում մուտքագրել էր ինը անձի։

Ցուցակում ընդգրկված են ռուս քաղաքագետ և հրապարակախոս Եկատերինա Շուլմանը, The Insider-ն (կազմակերպությունը ներառված է Արդարադատության նախարարության կողմից օտարերկրյա գործակալների ցանկում), լրագրող Ռոման Դոբրոխոտովը, լրագրող Յուրի Դուդը, լրագրող Կիրիլ Կրուգլիկովը, գենդերային հոգեբան Մարիա Սաբունաևան, ծաղրանկարիչ Սերգեյ Էլկինը և այլն:

Ապրիլի 12-ին Շուլմանը հայտարարեց Ռուսաստանից հեռանալու մասին: Նա մեկ տարով մեկնեց Գերմանիա՝ գիտական աշխատանքի, մասնավորապես՝ որպես Ռոբերտ Բոշ հիմնադրամի կրթաթոշակառու։ Նրա խոսքով՝ հեռանալը «անժամկետ իրադարձություն չէ»։ Շուլմանն ընդգծել է, որ իր մնալը Բեռլինում աշխատանքային է, և ոչինչ չի պատահել, ինչի պատճառով ինքը պետք է էմիգրանտի կարգավիճակ ստանա: