Բայդենը փորձել է կռվացնել Պուտինին ու Մադուրոյին․ «Էկոնոմիստ»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ծրագրում է սեպ խրել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և նրա վենեսուելացի գործընկեր Նիկոլաս Մադուրոյի միջև՝ Ուկրաինայում ռազմական գործողության համապատկերին, գրում է բրիտանական «Էկոնոմիստ» ամսագիրը։

Հոդվածի հեղինակը պարզաբանել է, որ Սպիտակ տունը մտադիր է համալրել ռուսական նավթի էմբարգոյից կրած կորուստները, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 22-ին՝ Վենեսուելայից վառելիքի մատակարարման շնորհիվ։ Դա անելու համար Միացյալ Նահանգները պետք է հանի վենեսուելական նավթի ներկրման ներկայիս արգելքը: Այնուամենայնիվ, այս քայլի հետևում կարող են լինել նաև քաղաքական նպատակներ:

«Եթե Ջո Բայդենը մտադիր է հասնել Վենեսուելայի հետ հարաբերություններում լարվածության թուլացմանը, ապա դա տեղի կունենա ոչ միայն տնտեսական նկատառումներից ելնելով: Նա հավանաբար հույս ունի օգտագործել ռազմական գործողությունն Ուկրաինայում, որպեսզի սեպ խրի Վենեսուելայի և Ռուսաստանի միջև, որին Մոսկվան համարում է իր ամենամոտ դաշնակիցներից մեկը», – ասվում է հոդվածում։

«Էկոնոմիստի» մեկնաբանը կարծում է, որ Մադուրոն Վաշինգտոնի համար կդժվարացնի այս գաղափարի իրականացումը։ Նրա կարծիքով՝ Կարակասը չի համաձայնի օգնել Արևմուտքին ուրիշի պայմաններով։

«Եթե գործարք կնքվի, ապա այն ամբողջությամբ չի լինի Բայդենի պայմաններով»,- եզրափակել է հրապարակման հեղինակը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։