Բյուրականի աստղադիտարանում նոր մեխանիզմով բացատրվում է գալակտիկաների մագնիսական դաշտերի զրոյից առաջացումը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում իրականացվում են ուսումնասիրություններ՝ նվիրված Մեր Գալակտիկայում և այլ գալակտիկաներում մագնիսական դաշտերի զրոյից առաջացմանը:

ԳԱԱ-ից  հայտնում են, որ աշխատանքները ղեկավարել է Բյուրականի աստղադիտարանի «Ակտիվ գալակտիկաներ» գիտահետազոտական բաժնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Ռուբեն Անդրեասյանը:

«Մինչ այժմ դինամո մեխանիզմների միջոցով ուսումնասիրվել է արդեն եղած թույլ մագնիսական դաշտերի ուժեղացումը գալակտիկաների կյանքի ընթացքում և թե ինչպիսի կոնֆիգուրացիաներ կարող են առաջանալ տարբեր գալակտիկաներում՝ կախված նրանցում առկա խիստ նոսր պլազմայի քանակությունից և այդ պլազմայի շարժումից: Ընդ որում, սկզբնական թույլ մագնիսական դաշտերի առաջացման մեխանիզմների մասին կամ լռում են կամ ասվում է, որ այդ դաշտերն առաջացել են տիեզերքի առաջացման սկզբնական փուլերում:

Մեր աշխատանքում փորձ է արվում սկզբնական մագնիսական դաշտերի առաջացումը բացատրել գալակտիկաներում տեղի ունեցող ակտիվ գործընթացների առկայությամբ: Այն է՝ գալակտիկաների կենտրոնական տիրույթներից (միջուկներից) իոնացված նյութի ուժեղ արտահոսք կամ այդ տիրույթների վրա նյութի ներհոսք (ակրեցիա): Գալակտիկաների ընդհանուր պտույտի և նշված պայմանների առկայության դեպքում գործում է Բիրմանի մեխանիզմը («մարտկոցային էֆեկտ»), որն ի վիճակի է զրոյից առաջացնել մագնիսական դաշտեր: Մեխանիզմի էությունը կայանում է նրանում, որ արտահոսող կամ ներհոսող պլազմայում առկա էլեկտրոնների և պրոտոնների զանգվածներն ավելի քան 3 կարգով իրարից տարբերվում են, և նրանց փոխազդեցությունը գալակտիկաներում առկա պտտվող գազային միջավայրի մասնիկների հետ խիստ տարբեր է: Դրա շնորհիվ գալակտիկայի ցանկացած կետում, էլեկտրաչեզոքության պայմանի պահպանությամբ հանդերձ, էլեկտրոնների արագության պտտական բաղադրիչը տարբերվում է պրոտոնների արագության պտտական բաղադրիչից: Դա բերում է շրջանային էլեկտրական հոսանքների առաջացման, որի արդյունքում առաջանում են դիպոլային մագնիսական դաշտեր, որոնք հետագայում կարող են ուժեղանալ կամ ձևափոխվել արդեն հայտնի դինամո մեխանիզմների շնորհիվ: