Ապրիլի 24-ին ծաղկի առևտուրը որտե՞ղ կիրականացվի

«Նախորդ տարվա պես բացառապես ծաղկի առևտուրը կիրականացվի Հալաբյան-Լենինգրադյան փողոցների հատումն ապահովող ստորգետնյա հանգույցում և Հալաբյան փողոցում, այլ տեղ կատեգորիկ արգելվում է Ապրիլի 24-ին ծաղկի վաճառքն ու ձեռքբերումը»,- Երևանի քաղաքապետարանի անցկացրած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը:

Արեյանը զեկուցեց Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Նրա խոսքով՝ ապրիլի 23-ին, ժամը 24:00-ին նախապատրաստական բոլոր միջոցառումներն ավարտվելու են որպեսզի ջահերով երթից հետո այնտեղ կատարեն հարդարման աշխատանքներ։

Կամո Արեյանը խնդրեց Երևանի քաղաքապետա Հրաչյա Սարգսյանի հանձնարարականը ոստիկանությանը, որպեսզի հսկողություն իրականացվի Ծիծեռնակաբերդի տարածքում, քանի որ ապրիլի 22-ից այնտեղ տեղադրվելու է համապատասխան տեխնիկա և անհրաժեշտություն կա ապահովել նրա պահպանումը:

«Տրանսպորտի վարչությունն արդեն ունի իր սխեման՝ Բրազիլիայի հրապարակից քաղաքացիներին տեղափոխելու և հետդարձի համար, քաղաքապետի հանձնարարականով մետրոպալիտենն ունի իր աշխատանքի սահմանային ժամկետը Ապրիլի 24-ին երկարացնել մինչև 1:00-ը»,- ասաց Արեյանը: