Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն․ Արցախի նվիրյալ Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել Արցախի պետական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին:

30 տարի առաջ այս օրը ընդհատվեց արցախյան շարժման և ազատամարտի նվիրյալի կյանքը։

«Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ: Հողը նրանն է, ով այդ հողի վրա ապրում և պաշտպանում է այն»,-  այսօր, առավել քան երբևէ պահանջված ու արդիական է  Արթուր Մկրտչյանի այս համոզմունքը,- նշված է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։

Արթուր Մկրտչյանն Արցախը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն իր քաղաքական ու մարդկային բացառիկ հատկանիշների շնորհիվ նա անջնջելի հետք է թողել Արցախի նորագույն պատմության մեջ: