Աշխարհի բնակչության երկու երրորդն ապրում է չեզոք կամ ՌԴ-ին պաշտպանող երկրներում. «Էկոնոմիստ»

Աշխարհի բնակչության շուրջ երկու երրորդն ապրում է այն երկրներում, որոնց կառավարությունները պաշտպանել են Ռուսաստանը կամ չեզոք դիրքորոշում են բռնել նրա նկատմամբ Ուկրաինայի իրադարձությունների համատեքստում:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս տվյալները ներկայացրել է բրիտանական The Economist հանդեսը։ Հրատարակությունը գնահատելով աշխարհի երկրների դիրքորոշումներն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության սկսվելու պահից՝ պետությունները բաժանել է երեք խմբի՝ արևմտամետ, ռուսաստանամետ և չեզոք:

Այսպես, «արևմտամետ» երկրների (131) բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության ընդամենը 36 տոկոսը, մինչդեռ փաստացի մոլորակի բնակչության երկու երրորդը բնակվում է այն երկրներում, որոնց կառավարությունները զբաղեցնում են կա՛մ չեզոք, կա՛մ էլ ռուսաստանամետ դիրքորոշում: Թերթը «ռուսաստանամետների» խմբին է դասել 28 երկրների՝ ներառյալ Չինաստանը, Պակիստանը, Եթովպիան, Էրիթրեան և Սիրիան: «Չեզոք» երկրների ցուցակ են մտել 32 պետություններ, որոնց թվում են Բրազիլիան և Հնդկաստանը: Մինչդեռ պնդում են, թե Չինաստանը և Հնդկաստանը, որոնց բաժին է ընկնում աշխարհի բնակչության շուրջ մեկ երրորդը, «խեղաթյուրում են արդյունքները»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

ԱՄՆ-ը և ԵՄ-ը գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։